Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 27-ին ընդունել է Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներ, Էկվադորի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեին, Ֆրանսիսկո Վելասկո Անդրադեին, Խուան Էդուարդո Մենեսես Դելգադոյին և Մեհմետ Դոգանին: Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել պատվիրակության անդամներին Էկվադորի ժողովրդին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ և խնդրել իր և ՀՀ ԱԺ-ի զորակցությունը հայտնել Էկվադորի ժողովրդին:
 
Ողջունելով հյուրերի առաջին այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը կարևորել է Հայաստանի և Էկվադորի միջև կապերի ամրապնդումն ու տարբեր ոլորտներում համագործակցության խթանումը, այդ համատեքստում առանձնապես կարևորել միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը: Երկուստեք անհրաժեշտ է համարվել երկու խորհրդարաններում ձևավորել պատգամավորական բարեկամական խմբեր: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրների հետ և հույս է հայտնել, որ տիկին Ալվարադոյի ղեկավարած պատվիրակության այցը նպաստավոր կլինի նաև հայ-էկվադորական համագործակցության ընդլայնման համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել հյուրերին՝ նախապես Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը կարևորել է ցեղասպանությունների միջազգային դատապարտումը, ինչը, նրա գնահատմամբ՝ կարևոր նախապայման է նման ծանրագույն ոճրագործությունների կրկնության կանխարգելման համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին և այս համատեքստում խոսել ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական իրադարձություններից՝ ներկայացնելով ադրբեջանական զինուժի կողմից հայ զինվորականների և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված վայրագություններն ու խոշտանգումները, որոնք հիշեցնում են մարդկության համար այսօր չարիք դարձած ԴԱԻՇ-ի կամ ժամանակին՝ Օսմանյան Թուրքիայի ձեռագիրը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանին իր գործողություններում ակնհայտ աջակցություն է ցուցաբերել Թուրքիան, որը ոչ միայն հերքում է ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը և չի ցանկանում առերեսվել իր պատմության հետ, այլև այսօր էլ շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, ի տարբերություն Ադրբեջանի, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս համատեքստում դրվատանքով է խոսել Չիլիի խորհրդարանի մասին, որն օրեր առաջ դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի նկատմամբ: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Էկվադորի խորհրդարանը նույնպես խնդրի վերաբերյալ կարտահայտի իր վերաբերմունքն ու հստակ գնահատականը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Ռոսանա Ալվարադոն իր և պատվիրակության անունից նշել է, որ խիստ տպավորված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից և որևէ մեկը չի կարող անտարբեր մնալ տեսածի նկատմամբ: Ռոսանա Ալվարադոն կարևորել է ցեղասպանությունների դատապարտումն ու անընդունելի համարել հատկապես ժխտողական քաղաքականությունը: Տիկին Ալվարադոն, ինչպես նաև Էկվադորի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեն իրենց խոսքում կարևորել են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ այն համարելով կարևորագույն սկզբունք նաև Էկվադորի համար: Նա տեղեկացրել է, որ իրենք, որպես խորհրդարանականներ, կարտահայտեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել