Tert.am-ը գրում է.
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպին, երբ հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք էր սկսվել՝ նշելով, թե ՀՀ-ի անունից մասնակցած ֆեդերացիան գրանցված չի եղել միջազգային ֆեդերացիայում:
 
Նախարարը սակայն նշեց, որ անգամ նման պայմաններում ամեն բան արվել է ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարմար: 
 
«Պետք է հստակեցվի ամեն ինչ, և մենք, Արդարադատության նախարարության հետ համատեղ, կպատրաստենք նախագիծ, ըստ որի ՀՀ-ում գործող բոլոր ֆեդերացիաները լիցենզավորվեն, որպեսզի խուսափենք նման դեպքերից: Այս պարագայում մեր միակ լծակն այն էր, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են: Պետք է լիցենզավորել, քանի որ յուրաքանչյուր թիմ, որը գնում է արտերկիր, ներկայացնում է ՀՀ-ն, և մենք չենք կարող թույլ տալ, որ մեր հանրապետության անունից ով ցանկանա, հանդես գա»,- շեշտեց նախարարը:
 
Նախարարն անդրադարձավ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ծախսերի օպտիմալացման գնալու հանձնարարականին և նշեց, թե բոլոր պետական մարմինները պետք է գնան օպտիմալացման ճանապարհով:
 
Նրա խոսքով`իրենց նախարարությունում գործընթացն արդեն սկսված է, և կրճատվել են նաև մեքենաները:
 
«30 ծառայողական մեքենաներից 14-ն արդեն իսկ կրճատվել է»,- տեղեկացրեց նա:
 
Նա չբացառեց նաև նախարարությունում մի շարք հաստիքների կրճատումը և շեշտեց, որ դա 2-րդ փուլն է. «Հնարավոր է` կրճատվեն նաև հաստիքներ, քանի որ, եթե մենք գնում ենք օպտիմալացման, ապա յուրաքանչյուր հիմնարկում, նախարարություններում, գերատեսչություններում կլինեն նման հաստիքներ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել