Tert.am-ը գրում է.

Երևանի թիվ 147 դպրոցի ավարտական դասարանի Վերջին զանգը, որը նվիրված էր դպրոցի շրջանավարտ, քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին, այսօր անցավ հուզիչ մթնոլորտում:


19-ամյա Ռոբերտը ապրիլի 2-ի մարտերի ընթացքում քաջաբար զոհվեց՝ իր հետ նռնակով պայթեցնելով թշնամուն: Դպրոցի Վերջին զանգի միջոցառումը հերոսապատումով էր փոխարինվել:


Միջոցառմանը մասնակցում էր նաև Ռոբերտի ընտանիքը:


«Հարսանիքիս էսպես չէի պատրաստվել, ոնց որ պատրաստվել եմ էսօրվան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց հերոս Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը՝ հավելելով, որ որդու հիշատակի միջոցառումն իր համար շատ թանկ է:


Հարցին , թե կպատկերացնե՞ր, որ իր տղան նման հերոսական քայլ կկատարեր, ավագ Աբաջյանը պատասխանեց. «Եթե էդ վիճակում էր հայտնվել, 100 տոկոս կպատկերացնեի, բայց չէի պատկերացնի, որ կթողներ մեզ մենակ: Եթե պահը եկել է, կպատկերացնեի, որովհետև չէր փախնի»։

Նույն դպրոցում է դասավանդում Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ Անահիտ Գրիգորյանը, ով 5-9 դասարաններում ռուսաց լեզու է դասավանդել Ռոբերտին:


«Ինձ թվում էր՝ նման բան էլ չի լինի պատերազմից հետո, բայց ստացվեց, որ լինում է: Այն որ Ռոբերտիկը վախկոտ չի, չէր փախչի, վատ բան չէր անի, դա բնական էր, բայց որ կարող է նռնակ պայթեցնել, ես ընդհանրապես չէի մտածում, որ հիմա հնարավոր է նռնակ պայթեցնել, բայց ինքը արել է, և երևի ճիշտը դա է եղել»,- ասաց Ռոբերտի ուսուցչուհի տատիկը:


Բնավորությամբ աշխույժ Ռոբերտին հուզմունքով են հիշում նաև աշակերտներն ու ուսուցիչները: Նույն դպրոցի ուսուցչուհի Մանանա Սնապյանը հիշեց Ռոբերտի  շարադրություններից մեկը՝ Դանկոյի սիրտը, երբ Դանկոն, սիրտը հանելով, լուսավորում է մարդկանց ճանապարհը։


«Երևի այդ դասը Ռոբերտը շատ լավ էր ընկալել, որ իր հերոսությամբ ցույց տվեց հենց այն, ինչ գրել էր»,-ասաց ուսուցչուհին:  


9-ի Ա դասարանում է սովորում նաև Ռոբերտ Աբաջյանի քույրը։ Դպրոցի թիվ 6 դասասենյակը, որտեղ ռազմագիտություն է դասավանդվում, արդեն կրում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել