ԵՄ- Մեծ Բրիտանիա 2016թ. Փետրվարի 20-ին տեղի ունեցած համաժողովից հետո, երբ Մեծ Բրիտանիային ԵՄ ներսում տրվեց հատուկ կարգավիճակ,  թվում էր, թե Քեմերոնին հեշտությամբ կհաջողվի բրիտանացիներին համոզել, նախատեսված հանրաքվեի ժամանակ քվեարկել Եմ-ից դուրս չգալու օգտին։ Ինչպես ցույս տվեցին հետագա զարգացումները սակայն, երկրում օրեցօր աճում է ԵՄ-ից դուրս գալ ցանկացողների թիվը։ Մի քանի օր առաջ անցկացված հարցման արդյունքում (The Telegraph-ի պատվերով,որին մասնակցել է 800 մարդ) հարցվողների 51%-ը կողմ է եղել Brexit-ին (Britain exit), իսկ 43%-ը դեմ։


 Սա նշանակում է, որ անգամ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցը Մեծ Բրիտանիա, որն ի սկզբանե նախաձեռնվել էր բրիտանացիներին ԵՄ կազմում մնալ համոզելու համար, ոչ միայն արդյունք չի տվել, այլև հակառակ ազդեցությունն է ունեցել։ (Հիշեցնենք Օբաման իր ելույթում նշեց, որ ԵՄ-ից դուրս գալով, Մեծ Բրիտանիան կդժվարացնի ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը և մի քանի տարի կպահանջվի նախկին տեմպերը վերականգնելու համար)։
 Սրանով է պայմանավորված նաև բրիտանացի քաղաքական գործիչների ավելի արմատականացված ելույթները։ Այսպես օրինակ՝ ԵՄ կազմում մնալու կողմնակիցներն արդեն իրենց ելույթներում նշում են, որ ԵՄ-ից դուրս գալը ԻՊ-ի և Ռուսաստանի շահերն է սպասարկում։ Հաշվի առնելով այս երկու սուբյեկտների միջազգային վարկանիշը, հասկանալի է դառնում նման ռադիկալ հռետորաբանության ի հայտ գալը։ Իսկ ահա Brexit-ի կողմնակիցները իրենց ելույթների հիմնական թեզն են դարձրել Մեծ Բրիտանիայի անկախության վերականգնման հարցը։ Կարելի է միայն պատկերացնել մի երկրի քաղաքացիների տեսակետն այս հարցում, որն իր գոյության համենայն դեպս վերջին մի քանի հարյուրամյակում ոչ միայն չի կորցրել իր սուվերենությունը, այլ նաև երկար ժամանակ եղել է համաշխարհային քաղաքականության ու տնտեսության հիմնական շարժիչ ուժը։ Տնտեսական հարթության մեջ ևս կարծիքները կիսվում են։ Հատկանշական հանգամանք է բրիտանական դրամի՝ ֆունտ ստերլինգի արժեզրկումը դոլլարի նկատմամբ։ Այս խնդիրն առաջ եկավ հանրաքվե անցկացնելու հայտարարությունից շատ չանցած։ Օրինակ՝ տնտեսության արտադրող մասը գոհ է այս զարգացումից, քանի որ դրսում համարյա թե չօգտագործվող ֆունտի բարձր գինը, ազդում է ստեղծված ապրանքի ինքնարժեքի վրա, այդպիսով անմրցունակ դարձնելով այն դրսում։ Այստեղ, սակայն ևս մի խնդիր է ի հայտ գալիս։ Տնտեսության արտադրող մասը կազմում է Մեծ Բրիտանիայի տնտեսության ընդամենը 10%-ը, իսկ ահա սպասարկման ոլորտը, որին բաժին է հասնում երկրի տնտեսության մոտ 80%-ը՝ ճիշտ հակառակ կարծիքն ունի, քանի որ ազգային դրամի դեվալվացիան ուղիղ-բացասական ազդեցություն կունենա այս ոլորտի վրա։
 Չնայած այս ամենին, նշված բոլոր ելույթները, տեսակետները և թեզերը իրենց մեջ չեն ներառում Բրիտանիայի Եմ-ից դուրս գալու հիմնական՝ աշխարհաքաղաքական կողմը։ «Արևմուտքում» ընդհանրապես, Եվրոպայում մասնավորապես ներքին հակասություններ սկսվեցին հատկապես միգրացիոն ճգնաժամից հետո։ ԵՄ անդամ շատ երկրներ դեմ հանդես եկան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «բոլորին ըդունելու» քաղաքականությանը։ Եթե այնպիսի երկրներ ինչպիսիք են Հունգարիան, Լեհաստանը, Հունաստանը՝ քաղաքական տնտեսական և այլ լծակներ չունենալով՝ չկարողացան ակնհայտորեն դեմ գնալ Գերմանիային, ապա Մեծ Բրիտանիան ունի նշված բոլոր ռեսուրսները իր տեսակետն ու ազգային շահն առաջ տանելու համար։ Մի բան արդեն ակնհայտ է , որ «Արևմուտքն» իր ամբողջ միասնականությամբ (մշակութային, քաղաքական, արժեհամակարգային), այսօր լուրջ փորձության է ենթարկվում։ , որը իր վերջնական արդյունքում կհանգեցնի Արևմուտք հասկացության աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխության։ Ժամանակակից աշխարհում միևնույն ռազմաքաղաքական բլոկում հանդես եկող երկրները միավորված են նաև նույն տնտեսական գոտիներում, իսկ այս շղթայի վերացումը կարող է գլխովին փոխել այդ օրինաչափությունը։ Կարելի է ասել,որ բրիտանացիները մոտավորապես մեկ ամսից ոչ թե որոշելու են ԻՊ-ին ու Ռուսաստանին շահեկան կամ Մեծ Բրիտանիայի անկախության հարցը, այլ ավելի գլոբալ՝ Արևմուտքի միասնական հանդես գալու հարցը, որը երկար տարիներ միջազգային մարտահրավերների դեմ հանդես է եկել միասնական ճակատով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել