Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին, թե ի՞նչ առաքելություն է տեսնում Հայաստան վերադարձած Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համար, ով հայտարարել է, թե իր առաքելությունը տեսնում է Արցախում։

«Ես Սամվել Բաբայանի հետ չեմ հանդիպել, Սամվել Բաբայանի ունակությունների մասին ես տեղյակ եմ, և նրա կատարածը մենք ոչ մեկս չենք մոռանում: Այսօրվա իրադրության մեջ որպես անհատ, որն ուզում է իր ներդրումն ունենալ արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքն է: Մեզանից ոչ մեկը, առավել ևս ես չեմ կարող դրան խոչընդոտել»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Tert.am-ի հարցին, թե ճի՞շտ է, որ իշխանությունը փակել է Սամվել Բաբայանի՝ բանկերին ունեցած մեծ պարտքերը, Սեյրան Օհանյանն ասաց. «Մնացած բոլոր հարցերը կարող եք տալ այն մարդկանց, որոնք դա իրականացրել են»:

Նշենք, որ այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց Երևանի թիվ 147 դպրոցի ավարտական դասարանի վերջին զանգին, որը նվիրված էր քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին: Ապրիլի 2-ի մարտերի ընթացքում դպրոցի շրջանավարտ, 20-ամյա Ռոբերտը քաջաբար զոհվեց՝ իր հետ նռնակով պայթեցնելով թշնամուն:

Այսօրվա միջոցառմանը մասնակցում էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնյաներ: Tert.am-ի դիտարկմանը, թե միջոցառմանը մասնակցում են բանակում չծառայած պաշտոնյաներ, ի՞նչ կոչով կդիմի նրանց, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Ես առաջարկում եմ, որ այսօր, այս գեղեցիկ օրը, «Վերջին զանգի», երբ մենք մեր զավակներին ենք ճանապարհ դնում՝ ապահովելով նրանց հետագա գործունեության համար խաղաղ, կանաչ ճանապարհ, մենք պետք է լավատեսորեն տրամադրված լինենք և խոսենք միայն դրա մասին»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել