Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դպրոցներում դրամահավաքի խնդրին, ասաց, թե այդ հարցն իրեն այնքան է մտահոգում, որքան մտահոգում է լրագրողներին:

«Ծնողը կամ երեխան, որը բողոքում է, ինքը հետո պետք է այդ նույն դասարանում սովորի: Սա դժվար, երկարատև աշխատանք է, և եթե ուշադիր նայենք, վերջին տարիների ընթացքում բավական դրական շարժ կա, և շատ կարևոր է հասարակության մշտական ուշադրությունն այս հարցի վերաբերյալ»,-ասաց նախարարը՝ հավելելով, թե մի համոզմունք ունի, որ միայն նկատելով կամ հարցի վերաբերյալ զեկուցելով՝ հարցը չի լուծվի:

«Մենք հիմա պետք է արմատապես վերանայենք խորհուրդների աշխատանքը դպրոցներում: Դպրոցների խորհուրդները, ըստ էության, հավաքվում են կամ տնօրեն ընտրելու, կամ մի ձևական բյուջե հաստատելու համար: Դպրոցի խորհուրդը պետք է անընդհատ պատասխանատու լինի դպրոցի որակի համար»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով «Թանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից կազմված և նախարարին ուղարկված նամակին, Լևոն Մկրտչյանն ասաց, թե համապատասխան հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, միաժամանակ նշելով, թե ի վերջո, դրամահավաքը հասարակական գիտակցության հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել