Tert.am-ը գրում է.

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը համակարծիք չէ այն քննադատությունների հետ, որ Գարեգին Նժդեհի արձանը հաջողված չէ և որ, օրինակ, այն շատ նման է ռուս կայսր Պետրոս Առաջինին, քան հենց Նժդեհին:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արեյանը նշեց, թե սովորական է դարձել արձանների վերաբերյալ նախնական քննադատությունները: «Արձանների բախտն է այդպես, նրանք այդպիսի ճակատագիր ունեն: Առաջին տեղադրումից հետո սկսում են անուններ տալ, հետո սկսում են արձանի հետ մտերմանալ: Հիշեք Առնո Բաբաջանյանի արձանը, իսկ հիմա ամեն օր Բաբաջանյանի հետ երեխաներ են նկարվում: Քաղաքի միջավայրի կենդանի էֆեկտն այն է, որ մարդիկ հաղորդակից լինեն արձանի հետ, մենք այդպիսի արձաններ շատ ունենք՝ վերջին երկու արձանները՝ Գարեգին Նժդեհը և Համազասպ Բաբաջանյան: Բոլոր արձանների շուրջ էլ եղել են խոսակցություններ և դա առաջին ժամանակահատվածն է, հետո մարդիկ ընտելանում են»,-ասաց նա և հավելեց՝ լինենք անկեղծ՝ նաև ճաշակի հարց է:

Արեյանի անձնական կարծիքով էլ ցանկացած արձան դիմահար պետք է ասի ,թե ով է այն անձը, բայց, ըստ նրա, երբեմն, քանդակագործները դնում են իրենց «ֆանտազիան և երևակայությունը և կերպարային ընդհանրության մեջ տեսնելու շնորհը»:

«Ես դեռ չեմ տեսել մի արձան, որ բոլոր քանդակագործները ծափահարեն, ես դեռ չեմ տեսել մի կտավ, որ բոլոր նկարիչները ծափահարեն: Ժամանակը կհաղթահարի ամեն ինչ, և նա կիշխի այդ դիրքում և բոլորը կիմանա, որ դա Գարեգին Նժդեհն է»,-ասաց նա:

Ըստ փոխքաղաքապետի՝ Նժդեհի արձանի տեղն էլ շատ հարմար է: «Նժդեհի արձանը մոնումենտալ արձան է և այն բավականին շքեղ է ու առնական, կրկնում են, քանդակագործը կերպարային առումով իր երևակայությունն է դրել: Արդեն իսկ սկսել են նմանություն տալ Նժդեհին, բայց, այնուամենայնիվ, բոլորը գիտեն, որ դա Գարեգին Նժդեհն է և մարդիկ կընտելանան:Նժդեհ շատ ավելի գեղեցիկ նկարներ ուներ, անձնապես ինձ դուր էր գալիս Նժդեհի շլեմով նկարը, բայց գուցե դա քանդակ չդառնար»:


Երևանի փոխքաղաքապետն անդրադարձավ նաև վերջերս Ավան վարչական շրջանում տեղադրված մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանին և այն քննադատություններին, թե նրա արձանը չպետք է տեղադրվեր, քանի որ կոտորել է հունգար ժողովրդին:

«Նա մեր ազգի պարծանք է, ես հպաարտանում եմ , որ ունեմ Բաբաջանյանի պես մարշալ: Իսկ հունգար ժողովրդին խորհուրդ կտամ Ռամիլ Սաֆարովին նորից հետ տանեն իրենց նվեր: Իմ պատասխանը համարեք սպառիչ՝ հունգարներին նորից կնվիրեմ Սաֆարով»,-եզրափակեց  Կամո Արեյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել