Tert.am-ը գրում է.
Ադրբեջանական բլից-կրիկը չի ստացվել. Ադրբեջանը ձախողվել է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով քառօրյա պատերազմին:
 
Խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ Ադրբեջանը որևէ բնակավայր չի կարողացել գրավել, ԼՂ սահմանամերձ բոլոր բնակավայրերը գտնվում են ինքնապաշտանական ուժերի վերահսկողության ներքով:

«Ադրբեջանի փորձերը բլից- կրիկով փորձել ճնշել հայկական կողմին, ստանալ միակողմանի զիջումներ, չեն իրականացվել, դրանից հետո հայկական կողմի դիրքերն էլ ավելի են ամրացել ու դրա վառ ապացույցը Վիեննայի հանդիպմանը հաջորդող հայտարարությունն էր՝ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին»,- նշեց խորհրդարանի փոխնախագահը՝ նշելով, որ Ադրբեջանի բանակը ֆիասկո ապրեց:

Իսկ Ադրբեջանի բանակի ֆիասկոն, նրա խոսքով, ցույց է տալիս, որ ՀՀ-ն, ԼՂ-ն այս տարիներին լուրջ ուշադրություն են դարձրել անվտանգության ամրապնդմանը: «Մեզ համար թիվ մեկ խնդիրը մնում է անվտանգությունը: Առանց անվտանգության ուժեղ համակարգի մենք չենք կարող խոսել ժողովրդավարական զարգացումներից»,- ավելացրեց Շարմազանովը:

Անդրադառնալով գեներալ Սամվել Բաբայանի վերադարձին՝Շարմազանովն ասաց.
 
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ տեղաշարժի, գնալու, գալու... Վերադարձել է, բարով է վերադարձել»:

Հարցին՝ հնարավո՞ր է Բաբայանը վերադառնա ծառայության, Շարմազանովը մեջբերեց ԼՂ նախագահ Դավիթ Բաբայանի հայտարարությունը՝ Սամվել Բաբայանը ծառայություն անցնելու համար իրենց չի դիմել:  «Այլ բան չեմ կարող ասել, դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է՝ ինչով զբաղվել Արցախում: Ի՞նչ իմանամ՝ բացառում է, թե ոչ, դա իր որոշելիք խնդիրն է: Պետք չէ մեծ աժիոտաժ սարքել հարգարժան գործընկերոջ վերադարձից: Մայր Հայաստան վերադառնալը դրական է, ավելի լավ է վերադառնան, քան հեռանան»,- նշեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե Հայաստանն ատոմային զենք է կիրառում, Շարմազանովը հակադարձեց՝ որակելով այդ հայտարարությունները ծիծաղելի: «Ալիևը հայտարարում է, թե Հայաստանն ատոմային զենք ունի, սպառնում է ատոմային զենքով:
 
Գուցե կոռեկտ չէ, որ ես այլ պետության նախագահի հասցեին ասեմ, բայց դա մառազմ է, դա զառանցանք է, ի՞նչ ատոմային զենք, դա ծիծաղելի է: Հայաստանը ժողովրդավար երկիր է, իսկ նման հայտարարությունները խոսում են իր հայտարարությունների անլրջության մասին»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել