Tert.am-ը գրում է.
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում 2015 թ. բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ինչումն է խնդիրը, որ ՀՀ-ում ԵՄ դեսպանը նշում է, որ ԵՄ-ՀՀ նոր պայմանագրի շուրջ քննարկումներում  հայկական կողմից հարուցված ինչ-ինչ խոչընդոտներ կան:
 
Նկատենք, որ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի հետ նոր պայմանագրի շուրջ քննարկումներում կան որոշակի բարդություններ:

«Կան բարդ հարցեր, սակայն ես շատ լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ, ինչպես հայկական կողմում, այնպես էլ եվրոպական կողմում տեսնում եմ դժվարությունները հաղթահարելու կամք»,-նշել էր Սվիտալսկին:
 
Փոխարտգործնախարարը նշեց, որ համաձայն միջազգային բանակցային փորձի և ավանդույթի՝ պայմանագրերի բանակցային գործընթացներն ապահովելու համար որոշակի զգուշավորություն բոլոր կողմերն իրականացնում են: 
 
«Չգիտեմ՝ ինչ բարդությունների մասին է խոսում պարոն Սվիտալսկին, որովհետև բնական է, որ բանակցային գործընթացում կարող են լինել տարբերակված մոտեցումներ ու մեկնաբանություններ այս կամ այն դրույթի վերաբերյալ: Չեմ կարող բացառել, որ առհասարակ նման հայտարարությունները կարող են  բանակցություններին օգտակար լինել, որովհետև առեղծվածային ոչինչ չկա,  բանակցությունների ավարտից անմիջապես հետո փաստաթուղթը  կլինի հանրային սեփականություն, կդրվի կայքում և բոլորը կարող են ծանոթանալ»,-ասաց նա և ի գիտություն ԵՄ դեսպանի՝ նշեց. «Վստահ եմ, որ ինչ խոսում եմ, քաջատեղյակ է Սվիտալսկին, և այս դրույթները ներառված են Արդարադատության եվրոպական դատարանի իրավագիտությունում։ Կարծում եմ՝ սրանից կարելի է  համապատասխան հետևություններ անել»: 
 
Հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն ԵՄ դեսպանին փորձե՞լ է արդյոք հրավիրել և հասկանալ: «Միգուցե խնդիրներ կան, որոնց արժե անդրադառնալ»,-հարցրեց Զոհրաբյանը և նաև հարցրեց, թե կանխատեսումներով ինչ ժամկետներում կլինի ՀՀ-ԵՄ նոր պայմանագրի ստորագրումը:
 
Կարեն Նազարյանն ասաց, որ հայտարարությունը երեկ է եղել և դեռ առիթներ կլինեն միասին զրուցելու՝ հասկանալու մտահոգությունները:

«Ի դեպ նշեմ, որ ոչ բոլոր բանակցային հանդիպումներին է, որ պարոն դեսպանը մաս է կազմել, և գուցե նրա բացակայությունն է պատճառ հանդիսացել նման մեկնաբանության: Չէի ցանկանա ավելին ասել, վերջիվերջո գործընկեր ենք և բանակցային գործընթացում պետք է պահպանել փոխվստահության միջավայրը, որը կարևոր է համապատասխան հայտարարությունների գալու համար»,-ասաց նա: 
 
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա փոխնախարարը նշեց, որ բանակցությունների մեկնարկի ժամանակ, ինչպես Մոգերինիի, այնպես էլ Նալբանդյանի կողմից նշվել են, որ հստակ ժամկետներ չեն դրվում՝ բանակցային թիմերի վրա ճնշում չգործադրելու համար:
 
«Խոսքը գնում է խելամիտ ժամկետների մասին, և ամեն ինչ կախված կլինի բանակցությունների դինամիկայից»,-ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել