Երեկ ամբողջ աշխարհի թոփ նորությունը դարձավ Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակումը՝ նրա Ուկրաինա վերադարձը: Ինչին հաջորդեց ռուս երկու ԳՀ վարչության աշխատակիցների (Եվգենի Երոֆեև, Ալեքսանդր Ալեքսանդրով) հետ վերադարձը Ռուսաստան: Առաջին հայացքից տեղի ունեցավ փոխանակում երկու երկրների միջև, սակայն այս իրողությունը իր մեջ չափազանց շատ ենթատեքստ ունի: Նախ հիշեցնենք, որ Սավչենկոն մեղադրվում էր ռուս լրագրողների սպանության մեջ և դատապարտվել էր 22 տարի ազատազրկման: Ուկրաինան մեկ անգամ չէ, որ մեղադրել է ռուսական կողմին փաստերն ու իրողությունները լղոզված ներկայացնելու մեջ: Ակնհայտ է, որ այս պրոցեսը ավելի շատ քաղաքական էր:
Ինչևէ փաստն այն է, որ Սավչենկոն ազատ արձակվեց և արդեն Ուկրաինայում է: Նրան ընդունեցին իբրև ուկրաինայի Ժաննա Դ Արկի: Նախագահ Պորոշենկոն Սավչենկոյին շնորհեց Ոսկե Աստղ շքանշան և Ուկրաինայի ազգային հերոսի կոչում: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այս ամենը տեղի ունեցավ Պետրո Պորոշենկոյի նախագահ դառնալու տարելիցի օրը: Սավչենկոյի վերադարձը ջլատված ու թուլացած Ուկրաինայում փորձում են ներկայացնել որպես Պորոշենկոյի մեծ հաղթանակը թշնամական Ռուսաստանի դեմ: Առերևույթ հաղթանակը, սակայն կարող է լրիվ հակառակ հետևանքներ ունենալ Ուկրաինայի առանց այն էլ ոչ ստաբիլ ներքաղաքական իրավիճակի վրա: Սավչենկոյի հեղինակությունը շատ մեծ է ուկրաինացի ժողովրդի շրջանում: <<Բատկիվշինա>> կուսակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն հույս ուներ իր կուսակցության շարքերում տեսնել վերջինիս, սակայն երեկ օդանավակայանում տեղի ունեցած միջատեպը նվազեցնում է նման զարգացման հնարավորությունը: Սավչենկոն ունի խարիզմա, բայց չկա քաղաքական փորձ, ինչից կարող են օգտվել բոլոր ներքաղաքական ուժերը: Թուլացած աջ ծայրահեղականները չեն թաքցնում,որ ուզում են Սավչենկոյին տեսնել իրենց որպես առաջնորդ: Այսպիսով,ինչպես արդեն շատ փորձագետներ նշում են՝ Սավչենկոն կարող է դառնալ ական Պորոշենկոյի իշխանության համար: Այս պահին նա միակ լուրջ քաղաքական պերսոնաժն է ուկրաինայում, ում անունը որևէ կոռուպցիոն կամ օֆշորային սկանդալի մեջ չի շոշափվել:
 Հատկանշական է Պուտինի հետքայլն իր կողմից ստեղծված չզիջող քաղաքական գործչի իմիջից: Հասկանալի է, որ սրան ի պատասխան Ռուսաստանը լուրջ խոստումներ է ստացել Արևմուտքի կողմից: Արդեն այս շաբաթ պետք է տեղի ունենա Մեծ Յոթնյակի գագաթաժողովը, որի ժամանակ կարող է քննարկվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցը:  Մոսկվան առանձնապես չի էլ թաքցնում,որ Սավչենկոյի ազատտ արձակումը տեղի է ունեցել Արևմուտքի ու հատկապես ԱՄՙՆ-ի հետ երկար քննարկումների արդյունքում: 
 Այսպիսով կարող ենք ասել, որ Սավչենկոն սկզբում լինելով՝ ուկրաինական բանակի <<շարքային>> օդաչու, Մոսկվայի քարոզչական ջանքերի շնորհիվ սկզբում վերածվեց քաղաքական զոհի, հետո արդեն մի ամբողջ Ռուսաստանի դեմ կռված և հաղթած Ուկրաինացի կնոջ, ում միջոցով էլ Պուտինը կարող է որոշակի խնդիրներ լուծել ԱՄՆ-ի և Եմ-ի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել