«Պրեմիերա» նախագծի հաղթող Լենա Ղազարյանը, վերջերս ներկայացրեց «Ամառ է, ցուրտ է» նոր տեսահոլովակը: Դրական կարծիքների կողքին կար նաև բացասականը. շատերը նշում էին, որ վատ ոճաբանի աշխատանքի արդյունքում երգչուհին տարիքով մեծ էր երևում: 

«Անկեղծ ասած, ես շատ չեմ կենտրոնացել մեծ կամ փոքր երևալու վրա, ես ինչ էլ անում եմ միշտ մեծ եմ երևում: Ավելին ասեմ՝ հիմա վարսերիս գույնն էլ բացացրել եմ և ավելի մեծ եմ երևում: Ես մեղք չունեմ, որ մեծ եմ երևում»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշում է Լենան, ով բավականին թեթև և հումորով է վերաբերվում նմանատիպ արձագանքների:

Շիկահեր երգչուհին վարսերի գույնը փոխելուց հետո շրջապատում միայն դրական կարծիքներ է լսում.«Ասում են, որ ինձ բաց գույնն ավելի է գեղեցկացնում և ես էլ սովորաբար լսում եմ մարդկանց կարծիքները»:

Խոսելով ստեղծագործական նորությունների մասին՝ երգչուհին նշեց, որ շուտով ձայնասկավառակ է թողարկելու. «Վերջերս շատ լավ երգեր եմ նվեր ստացել, որոնք կլինեն ձայնասկավառակում: Ձայնասկավառակի անունը գուցե կլինի երգերիցս մեկի անունով:  Սեպտեմբեր ամսին Ֆրանսիա պետք է մեկնենք՝ բարեգործական համերգի: Մինչ այդ կլինեն էլի համերգներ, որոնց պետք է մասնակցեմ: Վերջերս ներկայացրեցինք հայ հերոս՝ Ռոբերտ Աղաջանյանին նվիրված ստեղծագործությունը, այդ երգի հեղինակը ես եմ: Սպասվում է նոր տեսահոլովակ, դուետով հանդես գալու առաջարկ էլ ունեմ, բայց դեռ չեմ խոսի դրա մասին»:

Երգչուհին խոստովանում է, որ վերջերս սկսել է երգեր գրել. «Չգիտեմ հետո ինչ կլինի, բայց երբեմն ինձ ասում են՝ գուցե՞ սիրահարված ես, դրա համար ես ստեղծագործում, բայց սիրահարված չեմ»:

Լենան խոստովանում է, որ ակումբում երբեք չի երգի, իսկ պատճառն մեկն է. «Դա իմ մեջ չկա: Թող ոչ ոք դա վատ չընկալի, իմ ընկերները հիմնականում երգում են ակումբներում: Ես պարզապես ցանկություն չունեմ և ինձ չեմ կարող այդ բեմում տեսնել: Ես ինձ այլ բեմերում եմ տեսնում»:

Երգչուհին բացի երգելուց, զբաղվում է նաև դիմահարդամամբ. «Ես միշտ սիրել եմ, փոքր տարիքից սիրել եմ շպարել: Մեկ տարի առաջ սովորեցի. Փառք Աստծո հիմա աշխատում եմ և ունեմ աշխակերտներ, ովքեր Գերմանիայում, Ղազախստանում, Մոսկվայում աշխատում են. շատ եմ հպարտանում նրանցով: Գեղեցկության սրահում չեմ աշխատում, հետագայում գուցե սեփական գեղեցկության սրահը բացեմ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել