Tert.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վարորդի մասնակցությամբ քրգործի քննությունը շարունակվում է: Թե ովքեր են հարցաքննվել քրգործի շրջանակում, ՀՀ քննչական կոմիտեից ճշտել չհաջողվեց:


Երեմ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալներից Վահան Սարգսյանը, որը մայիսի 16-ին նախարարության բակում մասնակցել է ծեծկռտուքին, մասամբ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:


«Վահան Սարգսյանը որոշակի մասով ընդունում է մեղադրանքը, բայց ոչ ամբողջությամբ, ընդունում է, որ որոշակի գործողություններ կատարել է»,- ասաց պաշտպանը:


Գագիկ Բեգլարյանի վարորդ Սուրեն Վարդանյանը, պաշտպանի խոսքերով, չի ընդունում մեղադրանքը: Նշենք, որ Սուրեն Վարդանյանը գրանցված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում որպես վարորդ, իսկ Վահան Սարգսյանը՝ ոչ:


Tert.am-ի հարցին, թե ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը ներկա եղել է ծեծկռտուքի ժամանակ ու գործով հարցաքննվել է, Երեմ Սարգսյանը նման պատասխան տվեց. «Եթե ներկա լիներ, գործի նյութերից կերևար, իմ ունեցած տվյալների մեջ տեղեկություն չկա, որ Գագիկ Բեգլարյանը ներկա է եղել ծեծկռտուքի ժամանակ: Ըստ այդմ՝ կարող եմ ասել, որ չի եղել»:


Նույն գործով մեղադրյալներ Հովհաննես Շմոյանի ու Վազգեն Մկրտչյանի պաշտպան Միհրան Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալները որևէ կերպ չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքը. «Իրենք նշել են, որ չեն ընդունում մեղադրանքը և պատահական են հայտնվել դեպքի վայրում»:


Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալները որևէ տեղ չեն աշխատում ու Գագիկ Բեգլարյանի հետ առնչության վերաբերյալ որևէ բան չեն ասել: «Եթե առնչություն ունենային, կարծում եմ ինձ կասեին»,- ասաց պաշտպանը:


Նշենք, որ միջադեպից տուժել է հինգ անձ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող: Քրեական գործի շրջանակներում 5 հոգու մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կամ կազմակերպված խմբի կողմից):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել