Yerevan Mall-ում գտնվող KinoPark կինոթատրոնում տեղի կունենա տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Warcraft»-ի պերմիերան, որի փակ ցուցադրություն կազմակերպվել էր երեկ երեկոյան։ Ֆիլմն առաջինը դիտելու համար հրավիրվել էին բազմաթիվ հայտնի դեմքեր և կինոսերներ։

2 3 4

Խոսենք «Warcraft»-ի մասին։ Միանգամից նշենք, որ սփոյլերներ չեն լինելու, որպեսզի չփչացնենք այս ֆանտաստիկ ֆիլմի տպավորությունների այն գամման, որն ունենում է այն դիտողը։ Ֆիլմը միաժամանակ նորություն էր և նորություն չէր, այն թարմություն ուներ և միևնույն ժամանակ՝ չուներ, դրան սպասում էին շատերը, բայց շատերը չեն սպասում նրան, թե ինչ են տեսնելու․․․

Նորություն էր, որովհետև կուլտային դարձած համակարգչային խաղի հիման վրա նկարահանված այս ֆիլմում հաջողվել էր խուսափել բոլոր այն տիպիկ խնդիրներից, որոնք հատուկ են խաղերի հիման վրա ստեղծվող ֆիլմերի համար։ Նորություն չէր հենց այդ նույն խաղային տիեզերքի արգասիք լինելու համար և չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արդեն սերունդներ են մեծացել այդ խաղի վրա։ Այլ կերպ ասած՝ ֆիլմի հեղինակները կարողացել էին վերցրել «Warcraft»-ի խաղային տիեզերքի սյուժետային ամենազիլ կողմերը, դրանց այնքան հաջող ծաղկաքաղ անել ու այնքան ներդաշնակ փոխանցել էկարանների վրա, որ ֆիլմը դիտելիս հաճույք է ստանում ինչպես այդ խաղի սիրահարը, այնպես էլ նրանք, ովքեր երբևէ չեն էլ լսել դրա մասին։

Թարմություն էր, որովհետև արդեն մի տեսակ հոգնել ենք Հոլիվուդ կոչվող կինոֆաբրիկայի արդեն կայացած թրենդից, երբ տարին մի քանի անգամ լույս է տեսնում հերթական բլոքբասթեր, որը կա՛մ կոմիքսային սուպերհերոսների մասին է, կամ էլ՝ հոբիթների ու թոլքինյան այլ արարածների։ Թարմություն չէր, որովհետև ֆիլմը, իրհարկե, ֆենտզի ժանրից է ու իհարկե, այն առաջին հերթին հեքիաթ է, բայց հեքիաթը հաջողվել է մատուցել այնպես, որ արդյունքում դրա ամենաուժեղ կողմերը ոչ թե մարտական տեսարաններն են ու համակարգչային գրաֆիկան (թեև դրանց պակասը, մեղմ ասած, չկար), այլ պերոսնաժների խորությունն ու բարդ դրամատիկ գծերը։

Շատերը սպասում էին այս ֆիմին ու այդ շատերն առաջին հերթին «Warcraft»-ի խաղային տիեզերքի երկրպագուներն են։ Ինքս առաջին անգամ առնչվել եմ խաղին դեռ հեռավոր 90-ականներին ու միանգամից գերվել էի դրա հագեցած, դինամիկ զարգացող ու այդքան յուրահատուկ սյուժեով։ Ու անկասկած, ես ֆիլմի ողջ ընթացքում տեսնում էի հետհղումներ խաղին՝ պերսոնաժների, սյուժեի, առանձին կադրերի ու դրվագների մասով, բայց միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ հեղինակները որոշել են ստանալ ավելին, քան լոկ խաղի էկրանավորումն է․․․

Միակ սփոյլերը, որ կարվի այս ռեցենզիայում պահել էի հենց այս պահի համար ու այդ սփոյլերով էլ կամփոփենք․ ֆիլմը զուտ խաղի էկրանավորում չէ, այն լիարժեք ու ինքնուրույն միավոր է և դատելով ֆիլմի վերջնամասից՝ վստահաբար կարելի է պնդել, որ լինելու է դեռ երկրորդ ու ամենայն հավանականությամբ՝ նաև երրորդ մաս։ Վստահ եմ որ լինելու են, որովհետև այսօր ես դիտեցի մի ֆիլմ, որն ունի պոտենցիալ՝ զբաղեցնելու գոյացած այն բացը, որը մնացել է Թոլքինի տրիլոգիաների էկրանավորումներից հետո։

Մնում է հավելել, որ «Երկու աշխարհ՝ մեկ ճակատագիր» կարգախոսով ամերիկյան արտադրության այս ֆիլմը կարող եք դիտել 2D, 3D, 3DAtmos տարբերակներով՝ ռուսերեն, նաեւ անգլերեն լեզվով KinoPark-ում՝ սկսած Մայիսի 26-ից։

Լուսանկարները՝ Bravo.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել