Երևանի Կամերային թատրոնում երեկ կայացավ Ռաֆայել Երանոսյանի, Մխիթար Ավետիսյանի, Սենիկ Բարսեղյանի և Վահե Զիրոյանի մասնակցությամբ «Ճերմակ արագիլներ» ներկայացման պրենիերան, որը նվիրված է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։ Ներկայացման հեղինակը և բեմադրիչը Արա Երնջակյանն է, երաժիշտը՝ Վահե Գրիգորյանը։

Ներկայացման տոմսերի  վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է զոհված տղաների ընտանքիներին կամ վիրավոր տղաներին։ Blօgnews-ի հետ զրույցում Արա Երնջակյանը հայտնեց, որ պետք է պայմանավորվեն Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի օգնություն տրամադրեն առավել կարիքավորներին. «Ցավոք, մեր միջոցներն այնքան էլ մեծ չեն լինի։ Պետք է ճշտենք՝ զոհվածների ընտանիքնե՞րն ավելի շատ ունեն օգնության կարիք, թե՞ վիրավորները, քանի որ կան տղաներ, ովքեր այժմ բուժման խնդիր էլ ունեն»։

Բեմադրիչը նշեց, որ օրուգիշեր աշխատել են այս ներկայացման վրա։ «Մենք չենք մտածել, թե այս ներկայացումն ինչ կտա հանդիսատեսին։ Մենք գիտեինք, որ սա մեր պարտքն է զոհված տղաներին։ Մենք աշխատում էինք մեկ օր շուտ պատրաստ լինել։ Սա օրուգիշեր աշխատված հրատապ գործ է. ապրիլի իրադարձություններից հետո այս ներկայացումը որքան հնարավոր է շուտ պետք է արվեր»,- նշեց նա։

Ներկայացման ժամանակ հեգնական անդրադարձ եղավ ապրիլյան պատերազմի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին, սակայն չխոսվեց այն դիրքորոշման մասին, որ ուներ Հայաստանի իշխանությունը միջազգային հանրության առաջ։ Արա Երնջակյանից հետաքրքրվեցինք, թե ինչու. «Այս ներկայացումը նվիրված էր մեր զոհված երեխաներին։ Այս սահմաններում ավելին ասելը կարող էր սխալ հասկացվել։ Հնարավոր է՝ դա դառնա ուրիշ ներկայացման թեմա, բայց այս ներկայացման սահմաններում ավելին ասել չարժեր»։

       

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել