Գեներալ Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել իր վերադարձը վաղուց ավետող լրատվամիջոցներից մեկով, իսկ հարցազրույցը բավականին հետաքրքրական է՝ նուրբ, երբեմն խիստ ընդգծված ռուսական կողմնորոշումներով:
Հարցին, թե «պարո՛ն Բաբայան, Հայաստանում թիվ մեկ թեմաներից է այն, թե ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք մատակարարում մեր թշնամի Ադրբեջանին, իսկ Հայաստանին` ոչ», վերջինս նշել է. «Այս հարցում կա սխալ ընկալում։ Թե ինչու է այդպես ստացվել, չեմ ուզում գնահատել։ Ամենայն հավանականությամբ մեր հանրությունը լավ տեղեկացված չէ, քանզի ռուսները երբևիցե չեն հրաժարվել Հայաստանին զենք մատակարարել։ Ավելին, հայկական կողմը հնարավորություն է ունեցել որպես ՀԱՊԿ անդամ զենքը ձեռք բերել շատ ավելի լավ պայմաններով, քան՝ Ադրբեջանը»:

Նախ, տրվող հարցն ինքնին խեղաթյուրել է հանրային կարծիքը, առավել հեշտացրել ռուսներին գովելու հնարավորությունը: Հանրությունը չի ասում, թե ռուսները մեզ զենք չեն տալիս, մանավանդ, որ հայտնի է Հայաստանն այնպիսի զինատեսակների է տիրապետում, ինչպիսին «Իսկանդեր Մ»-ն է, հայաստանյան հանրությունն ուղղակի Ռուսաստանից ավելին է ակնկալում՝ հաշվի առնելով եմեր երկու երկրների դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները:
Որքան էլ, որ Բաբայանը փորձում է իր հարցազրույցում ի ցույց դնել երկրի նկատմամբ իր մտահոգությունները, տպավորություն է ստեղծվում, որ վերջինս ավելի շատ փորձում է «սրբագրել» Ռուսաստանի անգործությունը:

Ակնհայտ ռուսական քարոզչություն իրականացնող Բաբայանի խոսքում ոչ պակաս կարևոր էր հետևյալ արտահայտությունը՝ «այս տարիներին ապրելով արտերկրում` ես բազմաթիվ կապեր և հարաբերություններ եմ հաստատել Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցիկ շրջանակների հետ»։

Այ այս մասով կարծես թե կասկածելու բան չկա, հենց այդ «ռազմաքաղաքական ազդեցիկ շրջանակների» (հիմա դրան տենց ե՞ն ասում) ազդեցությունն է, որը խիստ ներկայություն է ապահովել Բաբայանի հարցազրույցում:

Բաբայանը կարծես թե ժամանակը զուր չի անցկացրել «խոպաններում», նա որպես ՊԲ նախկին հրամանատար ռուսական տարբեր ծառայությունների համար իսկապես «մտերմության» արժանի դեմք է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել