Հատել եմ կաթնագույնս, մոռացել երկրային սկիզբս, ֆիզիկական մարմինս, ես ճախրում եմ առանց ինքս ինձ հաշիվ տալու, ես ագահաբար որսում եմ ամեն միլիմետր սերն ու շնչում այն ողջ էությամբս, քանզի երբևէ դրա համը չէի զգացել, ու չպիտի զգայի, թե հանկարծ....չլիներ հանկարծ...
Այնքան եմ պարուրված սիրուս վեհությամբ, որ իրականությունը մահու չափ ցավեցնում է, երբ իջնում եմ երկիր` հաշտվելու իրողությանը:
Կարծում եմ՝ դեռ շատ պիտի ապշահար ժպտամ` չհավատալով երկնային երջանկությանս փայլին, ու թերևս երկար-երկար պիտի շշնջամ, որ ոչ մեկ եմ, ոչինչ եմ՝ առանց ստվերիդ:
Երբ մենությունս հատում էր անիրական սահմանները, ինքս չգիտակցելով կործանումս, ինձ հեռացնում էի կաթնագույնիս եզրերից ու վերնագրում կենսագրությունս հրաժեշտիս ծափերով:
Երբեք չգիտեի, որ ոչինչ չգիտեմ:
Հիմա, թերևս, երբ չգիտեմ՝ ում շնորհակալ լինել, տողերս անվերջ պիտի ալեկոծվեն, ու հոգիս չհանդարտվի խոսքերիս անիմաստությունից, երբ դրանք չեն հիանում հայացքիդ փայլից:
Ես շնչում եմ վայրկյանը, ու հասկանում, որ չկան տառեր, որոնք քեզ պիտի նվիրեմ, որոնք արժանի են հանդիպելու հայացքիդ, որոնք պիտի պատմեն, թե ինչ է կյանքը, երբ դու հեռու ես... Արև ես, լույս ես, որ խաղաղություն ես շնորհում, կյանք ես, որ հույս ես շնորհում, երջանկություն ես, որին սովորել չի ստացվում:
Ափս դատարկ է, վայրկյաններս հեռու են քեզանից, աշխարհներս բաժան են քեզանից, միտքս սոված է քեզանից...
Հուշիր,՝ ում շնորհակալ լինեմ, երբ կողքիդ սավառնում եմ առանց նույնքան քեզ վերադարձնելու, ասա ում առջև խոնարհվեմ, որ քեզ ունեմ, ես չեմ կարողանում այսքան երջանիկ լինել, ես խենթանում եմ դանդաղ, հիվանդագին սիրում ներկադ, վայրենաբար հոշոտում բացակադ, ես խելագարվում եմ սիրելիս, չկան անկյուններ, որոնք զերծ են քեզանից, որոնցում կարողանամ անքեզ մենությունս զսպել ու չփախչել մեր միասնությունից, չփնտրեմ այլևս երանգներ, որ նորոգեմ մաշված սև-սպիտակս:
Ճախրում եմ, երբ ժպիտդ բարձրանում, հասնում է աչքերիդ, որոնք միշտ փայլում են սեփական խաղաղությունից ու այնժամ կորցնում եմ հանգստությունս, կորցնում ձայնս, միտքս, ամենն, ինչ զգում եմ, աներևակայելի, անհնազանդ, անտանելի թվացող երջանկությունն է, ու ցավը, որ միևնույնն է, օտար ես, իմը չես, մի մարմին չես, ամբողջ ես...
Երազանք ես...անսահման անհաս, անդադար անիրական, անհաշվելի եզակի, անզսպելի սիրելի...

Առնելա Այվազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել