Գրիգոր Ջանշյանի բարեգործական ձեռնարկումը՝ 19-րդ դարավերջին... Արևմտահայերի նյութական աջակցությանն ուղղված առաջին բարեգործական հիմնադրամներից մեկը ստեղծվել է հայ անվանի հրապարակախոս, իրավաբան և հասարակական գործիչ Գրիգոր Ջանշյանի (Ջանշիև) ջանքերով: Գրիգոր Ջանշյանը ծնվել է Թիֆլիսում, ավարտել Մոսկվայի Լազարյան ճեմարանը, ապա՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Լինելով «Ոուսկիե վեդոմոստի» թերթի հրատարակիչ-խմբագիրներից, գործուն մասնակցություն ունենալով հասարակական կյանքին՝ Ջանշյանը նպաստել է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ռուս հասարակայնությանը ներկայացնելու գործին, ուշադրություն հրավիրել արևմտահայերի ծանր կացության և ազատագրական պայքարի վրա։

1894-96 թթ. Օսմանյան Թուրքիայում հայկական ջարդերի կապակցությամբ Ջանշյանը նախաձեռնեց, կազմեց և Մոսկվայում բարեգործական նպատակներով հրատարակեց «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» փաստագրական և գեղարվեստական աշխատությունների ռուսալեզու ծավալուն ժողովածուն: Գրքի ստեղծման աշխատանքներին աջակցել են նաև հայ մեծ նկարիչներ Հովհաննես Այվազովսկին և Վարդգես Սուրենյանցը: ժողովածուն ունեցավ երկու հրատարակություն՝ 1897-ին և լրացված տարբերակը՝ 1898-ին, և երկու հրատարակություններն էլ շատ արագ սպառվեցին: Գրքերի վաճառքից ստացված ողջ հասույթը` 66 հազար ռուբլի, Գրիգոր Ջանշյանն ուղարկեց Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանին, իսկ վերջինս էլ այդ գումարը ծառայեցրեց 50 հազար հայ մանուկների համար 12 որբանոց բացելուն:

Ժողովածուի հիմնական մասը կազմում են տարբեր հեղինակների հայագիտական ուսումնասիրություններն ու հոդվածները: Հրատարակության հասարակական կշիռը մեծացնելու համար Ջանշյանը դիմեց ռուս առաջադեմ մտավորականության ներկայացուցիչներին, որոնցից շատերը իր մասնակցությունն ունեցան գրքի ստեղծմանը: Նշենք, որ ժողովածուն հրատարակվեց դժվարին քաղաքական պայմաններում, և Գրիգոր Ջանշյանի բարեգործական ձեռնարկումը կարելի է մեծ սխրանք համարել, քանի որ այդ նույն ժամանակ Հարավային Կովկասում ցարական կառավարության կողմից լայնամասշտաբ բռնություններ էին սկսվել հայկական «հեղափոխականության» հանդեպ: Ռուսական հետադիմական, կայսերապաշտական իշխանական վերնախավը մեծ վտանգներ էր տեսնում արևմտահայերի ազգային-ազատագրական պայքարի և ինքավարության հասնելու ձգտումների մեջ, քանի որ վախենում էր, որ այդ ամենը շղթայաբար կարող էր տեղափոխվել նաև Արևելյան Հայաստանի տարածք:

Այդ իրադարձությունների ականատես պատմաբան Լեոն գրում է իր «Անցյալից» հուշապատումում. «1895-ին, մինչդեռ թուրքաց Հայաստանն արյունախող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ, խուզարկվում էին տները, կալանավորվում էին դաշնակցականներն էլ, հնչակյաններն էլ... Ռուսական ցարիզմի հալածանքն այդ տխուր ու արյունոտ ժամանակներում այն աստիճանի հիմարության հասավ, որ երբ հայոց կաթողիկոսը կարգադրեց եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարել Թուրքիայում խողխողված հայերի համար ու աղոթքներ կարդալ` արգելեցին անգամ այդ միակ, թշվառ ցույցերն էլ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել