Այսօր Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտորի և պրոֆեսորադասախոսական ղեկավար աշխատակազմի ներկայացուցիչների հետ:  Հանդիպումից անմիջապես հետո Ucom-ի տնօրենին էին սպասում դահլիճում հավաքված ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, որոնք բազմաթիվ հարցեր ունեին թե´ իրենց ընտրած մասնագիտության  վերաբերյալ, թե´ կապված ընկերության ստեղծման և զարգացման հետ: 

      

Ուսանողներին շատ էր հետաքրքրում իրենց համալսարանի հենց իրենց ֆակուլտետի նախկին ուսանողի հաջողության պատմությունը:

Հայկ Եսայանը պատմեց ուսանողներին, թե ինչպես՝ լինելով բավականին երիտասարդ, կարողացել է զարգացնել և իրականացնել իր գաղափարները: Բացատրեց բիզնեսում հաջողության հասնելու և հաջողակ նախագծեր իրականացնելու բանաձևը, կիսվեց շուկայում մրցունակ լինելու և արդյունավետ համագործակցության իր փորձով:

«Երբ 2009 թվականին Ucom-ը մտավ շուկա՝ առաջարկելով IP հեռուստատեսություն, ՏՏ ոլորտում շատ առաջատար կազմակերպություններ թերահավատությամբ էին մոտենում այդ գաղափարին՝ համարելով այն գերժամանակակից և հայկական շուկայի համար անիմաստ: Սակայն մի քանի նպատակասլաց երիտասարդներից բաղկացած խումբն ապացուցեց, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ էր այդ նորարարությանը, այլև այն շատ սպասելի էր», - նշեց Հայկ Եսայանը:

Խոսելով համաշխարհային տրենդերի և նորամուծությունների մասին, Հայկ Եսայանը նշեց, որ շատ կարևոր է լինել հեռատես և տեսնել մի քանի տարի առաջ, հասկանալ, թե ինչպես է փոխվելու շուկան տարիներ հետո և շատ արագ զբաղեցնել այն նիշը, որը շատերը դեռ չէին էլ նկատել: Նա մասնավորապես կարևորեց տեխնիկական և ինժեներական ունակությունները և մտածելաոճը, խորհուրդ տվեց ուսանողներին լայն մտածել և գտնել իրական և արդյունավետ լուծումներ: Միևնույն ժամանակ նա կոչ արեց ուսանողներին չհուսահատվել, եթե որևէ բան անմիջապես չի ստացվում, չլքել մեր երկիրը, մնալ և աշխատել մեր ժողովրդի համար:

Այժմ հանդիսանալով կապի միասնական օպերատոր՝ Ucom-ի տնօրենը խոսեց բջջային շուկայի առավելությունների և դժվարությունների մասին: Ներկայացրեց որպես բջջային օպերատոր Ucom-ի գործունեությունը և ապագա զարգացման տեսլականը: Խոսեց նաև այն անակնկալների և նորությունների մասին, որ Ucom-ը պատրաստել է իր բաժանորդների համար՝ մասնավորապես նոր LTE ցանցի և դրա առավելությունների մասին: 

Ի պատասխան ուսանողներից մեկի հարցին, թե որն է հաջողության գրավականը, պարոն Եսայանը պատասխանեց հակիրճ՝ նպատակասլացությունը, հեռատեսությունը և աշխատասիրությունը: 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու հաստատությունների միջև կնքել համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կստեղծվի Ucom-ի լսարան՝ վերազինված անհրաժեշտ սարքավորումներով, կկազմակերպվի ուսանողների այց Ucom -ի տվյալների կենտրոն, ինչպես նաև համալսարանաի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքներն անցկացնել Ucom ընկերությունում, իսկ լավագույները այնուհետ կանցնեն աշխատանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել