Tert.am-ը գրում է.
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը դրական է գնահատում Վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողների կոչը՝ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղ գտած ռազմական հանցագործությունները հետաքննելու վերաբերյալ:

Համազեկուցողներ՝ բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին հորդորել են վայրագությունները քննել Մինսկի խմբի շրջանակներում՝ պատասխանատվության ենթարկելով հանցագործ կողմին:

Tert.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն ասաց, որ հայտարարությունը հայկական պատվիրակության աշխատանքի արդյունքն է, որոնք քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո ակտիվ աշխատանք էին տանում ԵԽԽՎ պատվիրակների հետ՝ փաստերի մի ամբողջ փաթեթ ներկայացնելով նրանց:

«Թեև այս հայտարարությունը հասցեական չէ, բայց կա հստակ հասցեական հորդոր՝ պարզելու, թե ով է կատարել ռազմական այդ հանցագործությունները: Գտնում եմ, որ պարզից էլ պարզ է՝ որն է այդ կողմը, որը խախտել է հրադադարը, հարձակում գործել, կատարել ռազմական հանցագործություն: Երբ ուսումնասիրվեն այս դեպքերը, Ադրբեջանը կստանա հստակ պատասխան»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նաիրա Կարապետյանի խոսքով՝ համազեկուցողներն առաջարկել են լիարժեք քննել հարցը՝ գերադասելի է ՄԽ շրջանակներում, ինչը հստակ ակնարկ է բոլորին՝ դուրս չգալու Մինսկի խմբի պատերից:

Պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե չի կարծում, որ հայտարարությունը որևէ ազդեցություն կունենա Մինսկի խմբի վրա: «ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում ավելի շատ դեր ունեն աշխարհաքաղաքական շահերը, ուստի չեմ կարծում, որ ԵԽԽՎ պատվիրակների հայտարարությունն առանցքային ազդեցություն կթողնի: Ամեն դեպքում, հայտարարության փաստն ինքնին լավ է, ինչ-որ չափով դիվանագիտական որոշակի ֆոն ստեղծում է»,- նշեց Լևոն Զուրաբյանը՝ շեշտելով, որ որևէ լուրջ արդյունքի սա չի հանգեցնի:

Հարցին՝ հնարավո՞ր է ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահն էլ փոխի իր կարծիքն այս հայտարարությունից հետո, ՀԱԿ խմբակցության ղեկավարը բացասական պատասխան տվեց. «ԵԽԽՎ նախագահի կաշին հաստ է, իր վրա դժվար ազդի»:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ հանձնաժողովի պատվիրակները կարող են հետևողական լինել իրենց հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի հատուկ ենթահանձնաժողովում, որը զբաղվում է հակամարտությունների հարցերի քննությամբ, և առհասարակ ԵԽԽՎ-ում, հարկ է կանխել ադրբեջանական լոբբի կողմից կազմակերպված բանաձևերի առաջխաղացումը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ իրենք քառօրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած վայրագությունների մասին բոլոր փաստերը ներկայացրել են ՀՀ հարցով համազեկուցողներին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ նրանց ներկայացնելով զինվորների նկարները, որոնք արվել են դիակների փոխանակման ժամանակ:

«Պատվիրակության անդամ տղամարդ մեր գործընկերների նյարդերն անգամ տեղի տվեցին, նրանք չկարողացան նայել այդ նկարները, ուստի ներկայացնելու ամբողջ բեռը իմ և տիկին Նաղդալյանի վրա էր: Պատվիրակությունը պատրաստել էր նաև բրոշուր, որը բաժանվել էր ԵԽԽՎ պատվիրակներին: Մեր աշխատանքը տվեց իր արդյունքը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ հայկական կողմի զոհերի նկարները, գլխատված հայ զինվորների ֆոտոները ադրբեջանցիները մի քանի ժամում հազարներով «like» են արել, ինչը վկայում է այն մասին, որ այդ երկրում կա ռասիզմ, անհանդուրժողականություն, ատելություն:

«Ես համաձայն եմ համազեկուցողների հետ, այս ամենը պետք է քննվի որպես ռազմական հանցագործություն՝ պատասխանատվության ենթարկելով մեղավոր երկրին՝ Ադրբեջանին: Եվրոպայի խորհուրդը պետք է զբաղվի ռազմական հանցագործությունների փաստերի խնդրով, ոչ թե հակամարտությամբ»,- նշեց նա՝ շեշտելով, որ ԵԽ-ն պետք է կոչ անի նաև ՄԽ-ին վայրագությունների իրավական գնահատականը տալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել