Tert.am-ը գրում է.
Երևանի Վերնիսաժի տարածքում Գարեգին Նժդեհի տեղադրված արձանը, որի քանդակագործը Գարիկ Ստեփանյանն է, իսկ ճարտարապետը՝ Ասլան Մխիթարյանը, հակասական կարծիքների առիթ է դարձել։

Գարեգին Նժդեհի արձանի մրցույթի հայտ ներկայացրած քանդակագործ Լևոն Թոքմաջանը բոլորովին այլ գաղափարախոսություն է ներկայացրել՝ պայքարող, ժայռերի միջից, ժողովրդի ծոցից դուրս եկած Գարեգին Նժդեհ։

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քանդակագործը՝ մանրամասնելով. «Պայքարող  ոգի… ժայռերի միջից, լրիվ ուրիշ կոմպոզիցիա` իր պլաստիկայով...  Դիկտատոր չէր ինքը, ժողովրդի մարդ էր»:

Իհարկե, քանդակագործ Լևոն Թոքմաջանի պնդումները վերջնական չեն, որովհետև ասաց, որ աշխատանքը տեսել է գիպսի վրա, ոչ արդեն տեղադրված վիճակում ու հարցրեց՝ գուցե միջավայրի մեջ լրիվ ուրիշ տեսա՞կ է երևում:  


Նշենք, որ Լևոն Թոքմաջյանը այն  բազմաթիվ  քանդակագործներից է, ովքեր Լեռնահայաստանը փրկած սպարապետի կերպարի քանդակը կերտելուհայտ ներկայացրած քանդակագործների թվում է:

Քանդակագործը հավելեց, որ պատահական չէր, որ Գարեգին Նժդեհին հագցրել էին Սպարապետ Դավիթ Բեկի գլխարկն ու գոտին:  

Նշենք, որ Երևանում՝ Վերնիսաժին հարող զբոսայգում այսօր տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը ևս չշրջանցեց վերջին շրջանում հայաստանյան հանրության շրջանում նկատվող «արձանատենդը», և ողջ օրվա ընթացքում Լեռնահայաստանը փրկած Զորավարի արձանի շուրջ քննարկումները շարունակվում էին: Հիմնական մասն այն կարծիքն է, որ կերպարը հաջողված չէ, կային գրառումներ այն մասին, որ Գարեգին Նժդեհը շատ նման է Պետրոս Առաջինին, մեկ օգտատեր արձանի վրա նկատել էր Լոմոնոսովի սանրվածք: 


Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ գրառել է, որ արձանը Նժդեհի կերպարը չէ, «ու մինչև չմոտենաս՝ չկարդաս, թե ով է, չես հասկանա»։



Գարեգին Նժդեհի կերպարը մարմնավորած դերասան Արտաշես Ալեքսանյանը, նույն նկատառումներով ձեռնպահ մնաց արձանի մասին իր կարծիքը հայտնելուց: Նա գերադասում է այսօր երեկոյան անձամբ գնալ Վերնիսաժի այգի ու արձանը տեսնել, ոչ թե գնահատականներ տալ՝ ըստ լուսանկարով տեսածի:

Իսկ օրինակ` Մերուժան Տեր-Գուլանյանը, ով նույնպես դեմ էր լուսանկարներով արձանին գնահատականներ տալուն, հատուկ Tert.am-ի համար գնացել էր արձանը տեսնելու, բայց այդ ժամանակ արձանի վրա նորից սավան էր գցված եղել:

«Լուսանկարներով դատել չեմ կարող, իսկ սավանը շատ սիրուն էր»,-ասաց մտավորականը:

Երևանի պատվավոր քաղաքացի, դերասան Հրանտ Թոխատյանը, ով Tert.am-ի հետ զրույցի պահին Կալինինգրադում նկարահանումների էր, նույնպես կարծիք չկարողացավ հայտնել, միայն հարցրեց թե որտեղ է տեղադրված արձանը և իմանալով, որ Վերնիսաժի մոտ՝ ասաց. «Իսկ ինչու ոչ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում: Ես շատ եմ այս հարցով մարդկանց հարցուփորձ արել, և բոլորը վստահ են, որ Սուրեն Սպանդարյանը Գարեգին Նժդեհն է, բացի, թերևս իմ սերնդակիցներից»:

Tert.am-ը Նժդեհի կերպարի մասին զրուցեց նաև Գարեգին Նժդեհի ուսմունքը որպես իր գաղափարախոսության հիմք ընդունած Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, ում կարծիքով՝ Գարեգին Նժդեհի արձանը փայլուն աշխատանքի արդյունք է:

«Այս արձանով ամբողջությամբ ներկայացված է Գարեգին Նժդեհի կերպարը և՛ որպես զինվորականի, և՛ որպես փիլիսոփայի, և՛ որպես մեծ ուսուցչի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը ու հարցրեց, թե կա՞ մի արձան, որը Հայաստանում միանշանակ ընդունվել է:

Վկա, ըստ նրա՝ Առնո Բաբաջանյանի, Վարդան Մամիկոնյանի, Համազասպ Բաբաջանյանի արձանները. ըստ ՀՀԿ խոսնակի՝ Հայաստանում կա 3 միլիոն քաղաքացի, ու կարող է լինել 3 միլիոն ընկալում:

Նշենք, որ Yerkir.am-ը զրույցել է արձանի քանդակագործի` Գագիկ Ստեփանյանի հետ, ով մանրամասնել է, որ արձանի վրայի մատի շարժումը ցույց է տալիս պատվանդանին գրված իր միտքը: Գարեգին Նժդեհի այն միտքը, որ «իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և հայրենիք», քանդակագործը փորձել է արտահայտել՝ նրան կանգնեցնելով զույգ հենարանների վրա:

Նման չլինելու հետ կապված էլ քանդակագործն ասել էր՝ հազար մարդ, հազար կարծիք ու ավելացրել մոտեցած անցորդի տեսակետը՝ «բա ձին ո՞ւր է»:

Նաև ճարտարապետը խորհուրդ է տալիս առավոտյան նայել արձանին, երբ արևի լույսն ընկնում է վրան։



 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել