Tert.am-ը գրում է.
Ընտրական նոր օրենսգրքի շուրջ լիակատար կոնսենսուս լինել չէր կարող: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ ընդդիմությունը ներքին ճնշում գործադրելու ռեսուրսներ չուներ, որ ընդունել տար իր բոլոր առաջարկները: Քաղաքագետը նշեց, որ որքան էլ կատարյալ լինի ԸՕ-ն, ընտրությունները ազատ ու թափանցիկ անցկացվել չեն կարող, քանի դեռ չկա քաղաքական կամք, իսկ այն կարող է պարտադրվել կամ ներքին, կամ արտաքին ճնշման տակ:

- Այսօր ԱԺ-ն երրորդ ու վերջին ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը: Ձեր կարծիքով՝ վերջնական փաստաթուղթն ընդունելի՞ է բոլորի համար: Երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ նոր ԸՕ  շուրջ կոնսենսուս դեռևս չկա, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշել էր, որ ընդդիմության առաջարկները 50 տոկոսով է ընդունվել, ինչը նշանակում է, որ կոնսենսուսը կիսով չափ ձեռքբերված է:

- Դժվար է ասել՝ նոր Ընտրական օրենսգիրքը կոնսենսուսով է ընդունվել, թե՝ ոչ: Դա հարաբերական է: Եկեք համեմատենք խորհրդարանական ուժերի հարաբերակցությունն ու ԸՕ շուրջ ընդդիմության ներկայացրած առաջարկությունները, որոնք 50 տոկոսով ընդունվել են: Կարծում եմ, որ արդյունքը սպասելի էր, որևէ մեկը չէր էլ կարծում, որ լիակատար կոնսենսուս կլինի: Գոնե խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը հուշում էր, որ կոնսենսուսը լիարժեք լինել չի կարող: Հակառակ դեպքում, ընդդիմությունը կկարողանար հանրահավաքներով, զանգվածային միջոցառումներով պարտադրել՝ ընդունել բոլոր առաջարկները:

- Օրերս ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողները հայտարարեցին, որ անհրաժեշտ է շարունակել քննարկումները նոր Ընտրական օրենսգրքի շուրջ և փոխհամաձայնության գալ՝ հնարավորինս լայն կոնսենսուս ապահովելու համար: Կոնսենսուսը, ինչպես Դավիթ Հարությունյանն էր ասել, փաստորեն ձևավորված չէ: Ինչո՞ւ է շրջանցվում միջազգային մասնագետների կարծիքը:

- Չեմ կարծում, որ միջազգային հանրությունը պետք է ընդունի Ընտրական օրենսգիրքը կամ չընդունի: Սա, նախևառաջ, հայաստանյան քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության խնդիրն է: Փաստն այն է, որ կա քաղաքական ուժերի հարաբերակցություն, որի պատճառով իշխանության վրա մեծ ազդեցություն լինել չի կարող:

ԵԽԽՎ-ն հայտնում է իր ցանկությունը, որ լինի լիակատար կոնսենսուս, կարծում եմ, իշխանություններն էլ, ընդդիմությունն  էլ, ուզում են, որ կոնսենսուս լինի, բայց դա ներկայիս պայմաններում հնարավոր չէ: Իշխանությունը խնդիր ունի ձևավորել մի օրենսգիրք, որը մաքսիմալ կհեշտացնի իր վերարտադրությունը, ընդդիմությունն էլ ուզում է բացառել վերընտրության գործընթացը, արդյունքում ստեղծվում է շահերի բախում, որը կողմերից մեկի ոչ բավարար ռեսուրսների, ուժի արդյունքում չի ազդում: Անձամբ ես չեմ համարում, որ գլխավոր խնդիրը Ընտրական օրենսգիրքն է: Խնդիրը քաղաքական կամքն է՝ արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու: Այստեղ Ընտրական օրենսգիրքը կապ չունի:

ԵԽԽՎ մեկնաբանությունը պարտադրանք լինել չի կարող: Բայց ԵԽԽՎ ցանկությունն ինչ-որ առումով հաշվի առնվել է, որովհետև ընդդիմության առաջարկների 50 տոկոսն ընդունվել է:

- Քննարկումները, բանավեճերը, որոնք իշխանությունները կազմակերպեցին ԸՕ շուրջ, առաջարկների ներկայացման համար դաշտ ստեղծեցին, որ վստահությունը նոր օրենսգրքի ու առհասարակ ընտրական պրոցեսի նկատմամբ վերականգնվի, ձախողվե՞ց: Կոնսենսուսի բացակայությունը չի՞ հանգեցնի ԸՕ հանդեպ անվստահության մեծացմանը:

- Վստահության դեֆիցիտը օբյեկտիվ իրողության արդյունք է, պատահական չէ: Անվստահությունը տարիների ընթացքում ձևավորված երևույթ է ու որքան էլ փորձես ԸՕ-ում ձևակերպումներ ներառել, այս բառը մյուս բառով փոխարինել, մի տողը՝ մյուս տողով, անհնար է, որ վստահության լուրջ մթնոլորտ ձևավորվի: Պետք է գոնե մեկ անգամ նորմալ ընտրություններ անցկացվի, նախադեպային այս առումով, որոնք գոնե կասկածանքով  չընդունվի: Եթե ԸՕ շուրջ 100 տոկոսանոց կոնսենսուս էլ լիներ, սա լիներ երազանքի Ընտրական օրենսգիրքը, հանրությունը թերահավատ էր մոտենալու ընտրական գործընթացներին:

- 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են լինել նախադեպային՝ արդար ընտրություններ անցկացնելու տեսանկյունից:

- Դժվար է ասել: Վստահության բարձրացման համար միայն իշխանությունները չպետք է կազմակերպեն ընտրությունները, դա բավարար չէ: Գուցե անհրաժեշտ է, բայց բավարար չէ: Կարծում եմ, որ պետք է լինի ընդդիմադիր լուրջ զանգված, ճնշելու կարողությամբ, որ ընտրությունները կեղծելու կամ չկեղծելու հանգամանքը կախված չլինի իշխանության ցանկությունից: Քաղաքական կամք է պետք, բայց այն ձևավորվում է նաև ընդդիմության հզորության պայմաններում: Իսկ ես չեմ տեսնում այն ներքին ճնշումը, որը կստիպի իշխանություններին քաղաքական կամք դրսևորել: Ցավոք, միակ ռեսուրսը արտաքին ճնշումն է: Եթե ներքին ճնշում չկա, մնում է արտաքին ճնշումների հնարավորության վրա հույս դնել, բայց այս պահին չեմ կարող ասել՝ արտաքին ուժերից որ մեկը կարող է ստիպել իշխանություններին արդար ընտրություններ անցկացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել