Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:

Նա նշեց, որ 2015 թվականին գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 9 միլիարդ 130 միլիոն դրամ, նշված միջոցներն ուղղվել են սպասարկման և զարգացման միջոցառումների ուղղությամբ, վարկային միջոցների համաֆինանսավորման, պահուստային ֆոնդին հատկացվել է 1 միլիարդ 760 միլիոն դրամ:

«Պետական բյուջեով նախարարության համար նախատեսված արդյունքային և ֆինանսական ցուցանիշներն ամբողջությամբ կատարվել են»,-ասաց նա և նշեց, որ նախարարությունը պետական գնումների մասով տնտեսել է 136 միլիոն դրամ:

«2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ գյուղատնտեսությունում գրանցվել են դրական տեղաշարժեր, գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 1 տրիլիոն 2 միլիարդ 200 միլիոն դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 11, 3 տոկոսով»,-ասաց նա:

Սերգո Կարապետյանը հայտնեց, որ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը հասել է 79 տոկոսի, ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատությամբ 19 հազար հեկտարով ավելացել են:

Ինչ վերաբերում է վարկերին, ապա ասաց, որ անցած տարվանից 14 տոկոսից 6 տոկոսն է սուբսիդավորվել պետության կողմից, և վարկը գյուղացիական տնտեսությունները ստանում են 8 տոկոսով:

«Այս տարիների ընթացքում 86,5 միլիարդից ավելի գումարներ՝ շուրջ 110 հազար միավոր վարկ է տրամադրվել գյուղացիներին: Անցյալ տարի 15 միլիարդ 200 միլիոն դրամ վարկ է տրամադրվել, որից օգտվել է 22 հազար գյուղացիական տնտեսություն»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ կարողացել են որոշակի արդյունքներ ապահովել և հաջորդ տարիների համար նախատեսվում են տարբեր ծրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել