Իմ երջանիկ մանկությունից ես շատ քիչ բան եմ հիշում,  կցկտուր դրվագներ, որտեղ բոլորը երջանիկ էին, անհոգ… մանկությանս ամենավառ հիշողությունը կապված է եղբորս ծննդյան օրվա հետ, երբ հայրիկիս ձեռքը բռնած գնացի ծննդատան բակ ու մայրս պատուհանից ինձ ցույց տվեց նրան: Հիշում եմ իմ առաջին դասարան գնալը:  1989թ. Սեպտեմբերի 1-ին ես առաջին անգամ ոտք դրեցի Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որը գտնվում էր մեր քաղաքի կենտրոնական հրապարակի անմիջական հարևանությամբ :  Դպրոց  հասնելու համար ամեն առավոտ ես մայրիկիս հետ ստիպված էի ճեղքել Ստեփանակերտի հրապարակում հավաքված հազարավոր ցուցարարների հոծ շարքերն ու դասարան հասնելով՝ այբուբենի հետ սերտել  հրապարակից հստակ  լսվող ՛՛Հայաստան-Արցախ-միացում՛՛ վանկարկումը … Հետո սկսվեց պատերազմը, և այն, ինչ հիշում եմ հետո՝  անարդար է մանկության հուշեր կոչել,… որովհետև պատերազմի ժամանակ մանկություն չի լինում,…  պատերազմը սպանում է մանկությունը…

1985թ.-ին մեր ընտանիքում մեծ իրադարձություն էր: Փոքր հորեղբայրս ամուսնանում էր: Այդ տարիներին տարածված մի երևույթ կար. Ռուսաստանում ծառայած շատ  հայ տղաներ  ՛՛Հարսնացուն հյուսիսից՛՛ ֆիլմի տպավորության տակ ծառայությունից վերադառնում էին իրենց ռուս հարսնացուներով: Հորեղբայրս էլ բացառություն չէր: Նա վերադառնում էր բանակից ու իր հետ բերում էր շիկահեր գեղեցկուհի Տատյանային: Ես այդ օրից գրեթե ոչինչ չեմ հիշում, որովհետև Տանյայի ինձ համար բերած սլավոնական ծաղկանկարով շրջազգեստը գերել էր իմ ողջ ուշադրությունը. Մեկ տարի հետո ծնվեց Տանյայի ու հորեղբորս առաջնեկը, ու քանի որ երեխան գերդաստանի առաջին տղա թոռն էր՝ պապիկիս պատվին նրան Գուրգեն կոչեցին: Ահա այսպես, ուրախ ու երջանիկ իմ մեծ գերդաստանում էր անցնում իմ մանկությունը, բայց պատերազմը ամեն ինչ փչացրեց…Տարիներն անցնում էին, իսկ նկուղներում բանտարկված մեր մանկությունը կամաց-կամաց մեռնում էր… մենք նկուղի դռան անցքերից տեսնում էինք, որ արևոտ եղանակ է, բայց գիտեինք որ դրսում խաղալ չենք կարող……. Եվ ահա 1993թ. օգոստոսյան մի օր  հայտարարեցին, որ երկամյա դադարից հետո սեպտեմբերի 1-ից դպրոցների դասերը վերսկսվելու են… Չեք պատկերացնի ինչ ուրախություն էր դա… վերջապես դուրս էինք գալու նկուղներից, վերջապես հանդիպելու էի ընկերներիս, վերջապես դաս էի սովորելու: Շատ արագ լուր տարածվեց, որ քաղաքի ինչ-որ կրպակում դպրոցահասակ երեխաների համար կոշիկներ են վաճառում: Մայրս բռնեց ձեռքս ու գնացինք…….երկրագնդի ամենաշքեղ կոշիկները իմն էին… երջանկությունից  քիչ էր մնում շունչս հատվեր: Ճանապարհին մտանք հորեղբորս տուն: Ես շտապում էի ինչքան հնարավոր է արագ ցույց տալ բոլորին իմ կարմիր ժապավենով լաքապատ կոշիկները՝ երբ  հորեղբորս տղան մեզ ընդառաջ եկավ իր նոր կոշիկներով .  ՛՛посмօтрите на мои новые туфли, скоро надену и пойду в школу…՛՛ Առայսօր հիշում եմ  նրա  աչքերի կրակը… այնքան ոգևորված էր, այնքան ուրախ…: Հետո մենք վերադարձանք տուն, ամբողջ գիշեր չքնեցինք.  հակառակորդի օդային ուժերը ողջ գիշեր ռմբակոծեցին իմ քաղաքը, իմ դպրոցը…իմ մանկությունը…….: Երկու օր անց սեպտեմբերի 1-էր… ոչ ոք չհիշեց, որ ես պիտի հագնեմ իմ կարմիր կոշիկներն ու գնամ դպրոց… բոլորը զբաղված էին, բոլորը հավաքվել էին հորեղբորս տանը…ինձ էլ հրահանգել էին քիթս սենյակից չհանել ու տիրություն անել սենյակի ներսում փակված բոլոր երեխաներին…. Բայց դե ես….Ես իհարկե հանդգնեցի… Այդ օրը դռան արանքի նեղ ճեղքից բացված տեսարանն ինձ առայսօր այնքան հաճախ է այցի գալիս՝ մանավանդ քնելուց առաջ… Հյուրասենյակի բոլոր աթոռներին նստած էին սգացող հարազատներս, իսկ մեջտեղում՝ սեղանի վրա փոքրիկ կարմիր մի դագաղ էր՝ տղայի նոր դպրոցական  մի զույգ կոշիկ կողքը դրած…

Յոթ տարի անց, արդեն խաղաղ ու անվտանգ պայմաններում Գուրգենիկի եղբայրը սեպտեմբերի 1-ին գնաց դպրոց՝ իր ...և իր եղբոր փոխարեն...

Հուշերը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել