Դերասան Արման Նավասարդյանը վերջերս նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ Հաուս» սիթքոմում: 

«Գրիգոր Դանիելյանն առաջարկեց՝ իմանալով, որ ես լավ տիրապետում եմ բառբառին: Մարմնավորում եմ Անի Երանյանի հոր դերը, ով ղարաբաղցի է: Չեմ կարծում դերս երկարաժամկետ լինի. ես սիրում եմ մեկ-մեկ ինքս ինձ թուլացնելու համար խաղալ այսպիսի դերերում»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Արմանը:

Դերասանը նշում է, որ երկարաժամկետ նախագծերում ժամանակ չունի խաղալու. «Եթե նկարահանվում ես սերիալում, պետք է ամեն օր աշխատանքի գնաս, որ եթերն ապահովես: Ես մի քիչ այսօրվա սերիալների աշխատանքը համեմատում եմ գործարանի հետ: Եթե ես սերիալում նկարահանվեմ, պետք է կողքից ուրիշ գործ չունենամ»:

Արմանը վերջերս նկարահանվել է «Վայ մամա ջան» ֆիլմում, որի ամբողջ զարգացումը ընթանում էր նրա հերոսի շուրջ. «Նախ այս ֆիլմը ես լուրջ կինոարտադրություն չեմ համարի, չեմ էլ չեմ ասի, թե ժամանցային է:  Սա ավելի շատ թատերային ֆիլմ է, թատերային լուծումներով, որի սցենարի հիմքում հենց թատերական դրամատուրիգիա է: Ինչքան էլ որ տեղայնացվեց, փորձվեց կինոյի մոտիվներիով նկարվել, մեկ է չկարողացանք շրջանցել թատերայնությունը: Բայց ինձ՝ որպես կինոդիտողի, չի խանգարում, քանի որ այդպես էր մտածված: Շատ ուրախ եմ, որ ֆիլմում ժառգոն չկա, գռեհիկ խոսք չկա, վուլգար չէ և գրական հայերեն է հիմնականում: Հիմար բաներ արված չեն, որ հանդիսատեսին ծիծաղեցնեն: Հիմա կասեք Սերգեյ Դանիելյանի մերկանալը, ի դեպ պիեսով էլ է այդպես: Դա հատուկ մտածված չի եղել, որ նա մերկանա և հանդիսատեսը ծիծաղի, այլ արդարացված է, քանի որ դեղ է խմում և սկսում է շոգել: Ամեն դեպքում ինձ թվում է, որ ֆիլմը կայացել է»:

Արմանի համար «Վայ մամա ջան»  ֆիլում նկարահանվելու գլխավոր պայմանն այն է եղել, որ աշխատում էին միայն թատրոնի կազմով և դա բավականին գայթակղիչ էր. «Իսկ առհասարակ ֆիլմում նկարահանվելու համար կարևորում եմ դերը, սցենարը և գումարը, ուրիշ ոչ մի բան ինձ կինոյում չի գայթակղում: Եթե լավ դերը է, ես պատրաստ եմ ֆինանսական առումով զիջումների գնալ, որովհետև կինոն ինձ համար, կամ դեր կամ փող է: Իսկ եթե երկուսն էլ առկան են, ապա դա լավ կինո է»:

Զրույցի վերջում դերասանը նշեց, որ ունի նոր առաջարկներ, ոնց մասին դեռ չի կարող խոսել. «Անցյալ տարի մոտ վեց ֆիլմում նկարահանվել եմ, որոնք այս տարի կցուցադրվեն»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել