Կարծում եմ ճիշտ ժամանակն է հանրային շարժում սկսել Արցախի կարգավիճակի շուրջ հանրային պահանջի ձևակերպման համար: Վիեննայում ամենաբարձր մակարդակի հանդիպումն անպտուղ չէր, այն հիանալի ցույց տվեց, որ Արցախի կարգավիճակի լուծման քննարկումներում ինչպես երբեք չի քննարկվել, այնպես էլ չեն քննարկվելու Ադրբեջանի պետական և ռազմական հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ՝ սումգայիթից սկսած մինչև ապրիլյան պատերազմը: Ադրբեջանը նույնիսկ մի ՛՛թթու խոսք՛՛ չի լսելու այդ մասին՝ որքան էլ հայ կամ հայաստանցի գլխատի, ինչը նշանակում է, որ Արցախի կարգավիճակի լուծման միջազգային՛՛փորձերը՛՛ ինչպես երբեք չեն անդրադարձել, առաջիկայում էլ չեն անդրադառնալու հայերի չասեմ մարդկային իրավունքների, նույնիսկ կյանքի նկատմամբ Ադրբեջանի պետական սպառնալիքին: Կարծում եմ առնվազն Հայաստանում և հայերին լիովին պարզ է, որ այդ ուղղակի սպառնալիքի իրացմանը խանգարում է բացառապես հայկական բանակը: Սակայն այս պարզ ճշմարտությունը չենք կարողացել ոչ միջազգային հանրությանը, ոչ միջազգային կառույցներին հասկանալի դարձնել:
Կարծում եմ մեր, առնվազն Հայաստանի բնակչության և արտասահմանի՝ խնդրով շահագրգիռ հայերի և հայ ժողովրդի բարեկամների ռեսուրսները ևս մի անգամ պիտի մոբիլիզացնել՝ այս օբյեկտիվ ճշմարտությունը հնչեցնելու և պահանջելու, որ առավելագույն արագությամբ լուծվի նախ, նախ և կրկին անգամ նախ Արցախի անկախության կամ Հայաստանի հետ միացման կարգավիճակը, ապա՝ Արցախի բնակչության անվտանգության հարցը, և ապա նոր՝ այն, ինչ կոչվում է ՛՛փոխզիջում՛՛: Այլ կերպ ասած Արցախի անկախությունն ու բնակչության անվտանգությունը քննարկումների ՛՛փոխզիջում՛՛ հասկացության փաթեթում չպիտի լինի:

Հանրային մոբիլիզացիայի առաջին պահանջը հենց այդ է՝
Արցախի անկախություն և Արցածի բնակչության անվտանգություն
Այս գլխավոր պահանջը մարդկանց մտքին, սրտին ու տրամաբանությանը հասանելի ու հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ է
-՛՛Հիշողության արխիվից՛՛ հանել և սկսել լայնորեն տիրաժավորել սումգայիթը, բաքուն, կիրովաբադը, ՛՛օղակ՛՛ օպերացիան՝ կոնկրետ դեպքերով, կամ՝ մեկ կոնկրետ դեպքի օրինակով
-՛՛Հիշողության արխիվից՛՛ հանել և սկսել լայնորեն տիրաժավորել 1918-1919թթ. Ելիզավետպոլի նահանգի և 1918թ. Բաքվի, 1920թ. Շուշիի հայկական ջարդերի համառոտ, մեկական պարբերությամբ պատկերավոր ներկայացումը,
-Ադրբեջանական բանակի ռազմական հանացագործությունների կոնկրետ դեպքերը,
-Ռամիլ Սաֆարովի դեպքը
Պատրաստել մեծ, տպավորիչ, լավ կազմված համառոտ տեքստերով ցուցապաստառներ, շաբաթը մեկ, գուցե երկու անգամ տպավորիչ հավաքներ անց կացնել խնդրով շահագրգիռ երկրների դեսպանատների առաջ, շատ լավ կլինի, եթե այդ պաստառների տեքստերը լինեն համապատասխան երկրների լեզուներով,
Բոլոր հավաքները լայնորեն և բազմալեզու տարածել կայքերով, սոց.ցանցերում:
-Բոլոր լրատվամիջոցներով անդրադառնալ հիշյալ դեպքերին, անընդհատ ու անընդհատ
Պատրաստվել մինչև հունիսի կեսերը և ՛՛պոռթկալ՛՛
Խնդրում եմ լրացումներ, առաջարկություններ, ձևակերպումներ, առարկություններ:
Ես այսօրվանից սկսում եմ պատրաստել համառոտ նյութերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել