Մարսելում՝ Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի գլխավոր սրահում մայիսի 23-ին տեղի է ունեցել Շարլ Ազնավուրի անվան ֆրանս-հայկական գրքի ազգային մրցանակաբաշխությունը՝ Շառլ Ազնավուրի և 500 հյուրերի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկայացվել են ինչպես ֆրանսիացի, այնպես էլ ֆրանսիահայ մի շարք հեղինակների՝ Հայաստանին, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տարվա լավագույն պատմական և գեղարվեստական գրքերը: Այս տարվա հաղթող է ճանաչվել Վալերի Թորանյանի «Օտարազգին» ստեղծագործությունը, որը պատմում է ցեղասպանությունից մազապուրծ եղած կնոջ մասին՝ թոռան աչքերով:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի նախագահ Մարտին Վասալը նշեց, որ Թուրքիան, շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան հիմնախնդիրը լուծելու մտադրությունը, ինչը բացահայտ արտահայտվեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում:

Մարտին Վասալը նաև ընդգծեց հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամների և ֆրանսահայերի անվերապահ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Բուշ դյու Ռոնի դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալը շնորհավորեց Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա կապակցությամբ՝ շնորհելով դեպարտամենտի Պատվո Շքանշան:

Նույն օրը՝ երեկոյան, Շարլ Ազնավուրի հովանու ներքո, Մարսելի հանրահայտ «Սիլո» համերգասրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Դու, իմ եղբայր» խորագրով համերգ՝ ֆրանսիացի աստղերի մասնակցությամբ, որոնց թվում էին Հելեն Սեգարան, Ժիլբերտ Մոնտանիեն, Ֆրեդերիկ Մանուկյանը, Եսային և այլոք:
Միջոցառումները կազմակերպել էր Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլիտենի խորհրդի անդամ, 9-10 սեկտորի փոխքաղաքապետ Ռիչարդ Ֆենդիկյանը ` Բուշ դյու Ռոնի դեպարտամենտի, Մարսել-Պրովանս տարածքային խորհրդի և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, պատգամավորներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, մշակութային գործիչներ, լրագրողներ, հայկական և հրեական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել