Իրանական լրատվամիջոցներից մեկը Կնեսետի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ցախի Հանեգբիի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հակաիրանական հայտարարությունը, թե Իրանը չի հրաժարվել իր միջուկային ծրագիրը զարգացնելուց, այլ հետաձգել է այդ ծրագրի որոշ հատվածների իրականացումը գնահատել է տարօրինակ:

Բայց հայտարարությունն ամենևին էլ «տարօրինակ» չէ, եթե հետադարձ հայացք է ուղղվում հատկապես վերջին 4-5 տարիների Իրան-Ադրբեջան և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ընդհանուր տրամաբանությանը:

Այսպես, եթե Իրանում Արազ Ազիմովի հայտարությունը գնահատվում է տարօրինակ, ապա տարօրինակ պետք է լինեին նաև Իսրայելի և Իրանի հանդեպ ադրբեջանական դիրքորոշումն արտացոլող, Իրանի դեմ այդ երկրի իրականացրած ստորև բերվող բոլոր գործողությունները.

- Սեփական տարածքի տրամադրում իսրայելական հատուկ ծառայություններին՝ Իրանի դեմ այս երկրի հյուսիսից գործողություններ իրականացնելու համար: Սրա արդյունքում տեղի ունեցած ամենահայտնի օպերացիան միջուկագետ ֆիզիկոս Մուստաֆա Ահմադիռոշանի սպանությունն էր:
- Նախիջևանի տարածքից իսրայելական անօդաչու թռչող սարքերով Իրանի տարածքի ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր հատվածների լուսանկարում և արդյունքների տրամադրում Իսրայելին: Որպես մի դրվագ Ադրբեջանի հակաիրանական այդ գործունեության պետք է հիշել 2013թ.-ի օգոստոսի 23-ին իսրայելական արտադրության «Hermes 450» անօդաչու թռչող սարքի խոցումը իրանցիների կողմից, որը Իրանի կենտրոնական հատվածում գտնվող ուրանի հարստացման օբյեկտի վրա դուրս էր եկել Նախիջևանի շրջանում գտնվող ադրբեջանական ավիաբազայից:
- Պարբերաբար Բաքվի վարչակարգի կողմից իրանցի քաղաքացիների ձերբակալումը և նրանց ներկայացումը որպես «ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) գործակալներ» և ահաբեկիչներ, որոնք իբր նպատակ են ունեցել «հարձակվել» Ադրբեջանում իսրայելական դեսպանատան վրա:

Ներկայացված կետերը վերջին 4-5 տարիների ընթացքում Ադրբեջանի իրականացրած հակաիրանական և միաժամանակ իսրայելամետ գործողությունների ընդամենը մի փոքր մասն են կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել