Tert.am-ը գրում է.

Եգիպտոսի դատաբժշկական փորձաքննության ծառայության ղեկավար Հիշամ Աբդել Համիդը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ իր աշխատակիցներն իբր հայտարարել են EgyptAir-ի կործանված ինքնաթիռում պայթյունի հետքեր գտնելու մասին. հայտնում է РИА Новости գործակալությունը։

Ավելի վաղ լրատվամիջոցները քննչական խմբի փորձագետ-անդամի հղումով տեղեկացրել էին, որ մնացորդների զննությունն ու փորձաքննությունը ցույց են տալիս, որ ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել։

«Դա ճիշտ չէ։ Եգիպական դատաբժշկական փորձաքննության ծառայությունից ոչ ոք նման հայտարարություն չի արել»,-ասել է Աբդել Համիդը։

Լրատվամիջոցների տարածած տեղեկությունները հերքել է նաև ինքնաթիռի աղետը քննող խմբի ներկայացուցիչը Ֆրանսիայում։ Նա նշել է, որ պայթյունի որևէ նշան դեռ չի հայտնաբերվել, սակայն անհրաժեշտ է նախ սպասել «սև արկղերի» հայտնաբերմանը։

EgyptAir-ի ուղևորատար А320 ինքնաթիռը, որ Փարիզից Կահիրե էր թռչում, ռադարների տեսադաշտից անհետացել էր մայիսի 19-ի առավոտյան։ Ավելի ուշ դրա մնացորդները հայտնաբերվել էին Միջերկրական ծովում՝ հունական կղզիներից ոչ հեռու։ Ինքնաթիռում եղել էր 66 մարդ՝ 56 ուղևոր ու անձնակազմի 10 անդամ։ Նրանք բոլորը զոհվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել