Tert.am-ը գրում է.
ՀՀ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը միաժամանակ աշխատում է 2 ֆիլմի սցենարների վրա` ապրիլյան քառօրյա պատերազմի և կոռուպցիայի մասին: Tert. am-ի հետ զրույցում նախկին պատգամավորը ներկայացրեց իր ստեղծագործական ընթացքն ու ծրագրերը` ասելով. «Հենց էս վայրկյանին, ռեժիսորների, մասնագետների հետ նստած աշխատում ենք Արցախյան պատերազմի մասին ֆիլմի վրա, իսկ «կառուպցիայի» հետ կապված ֆիլմն ավելի շուտ դուրս կգա ու մի տեսակ դաստիարակչական բնույթ կունենա»:

Գեղարվեստական դաշտից անցնելով հայ իրականություն, Հակոբ Հակոբյանը բոլորովին իմիտացիոն չհամարեց կառավարության հայտարարած պայքարը կոռուպցիայի դեմ ու նկատեց, որ հայաստանյան հասարակությունը շատ երկար է սպասել դրան:

«Մենք՝ որպես հասարակություն, շատ երկար ենք սպասել կոռուպցիայի դեմ պայքարելու առաջին քայլերին, հիմա, կարծես, մի տեսակ պայքարի ցանկություն կա: Ես շատ լավ եմ վերաբերում, որովհետև ամենակարևորը ցանկությունն է»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմին, ապա այն քարոզելու է խաղաղություն: «Ֆիլմի սյուժեն գնում է դեպի խաղաղություն, և սա լինելու է խաղաղություն քարոզող ֆիլմ»,- պատմեց Հակոբ Հակոբյանը:

Ռեժիսորը պատմեց, որ սյուժեն սկսվում է 1990 թվականի Արցախյան պատերազմից, անցնում ` 1991 թվական, ապա՝ 2016-ի ապրիլի 1-ից 5:

Ըստ Հակոբ Հակոբյանի` ֆիլմում չկան Արցախյան պատերազմի հայտնի գեներալների նախատիպեր, կան միայն զինվորներ:

Հարցին էլ, թե առանց գեներալների ինչպես կլինի, Հակոբ Հակոբյանն ասաց. «Զինվորներն են լինելու սիմվոլ, մեկ ուրիշն էլ թող գեներալների մասին նկարի, հո պարտադիր չէ՞, որ բոլորս ինկուբատորի նման նույն բանը նկարենք, մանավանդ որ մեր սյուժեն չի տանում դրան, մեր սյուժեն տանում է դեպի խաղաղություն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել