Հայտնի է դարձել, որ  օտարերկրյա սևամորթ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի վերջին զոհը եղել է Գեւորգ Կ.-ն, որի  վստահությունը չարաշահելով՝ սևամորթ հանցագործները  նրանից խաբեությամբ վերցրել են 4.000 ԱՄՆ դոլար գումար:

Հիշեցնենք, որ Լիբերիայի 3 քաղաքացիներ՝ 38-ամյա Ջորջ Զ.-ն, 34-ամյա Ֆոստեր Գ.-ն եւ 36-ամյա Մարկ Դ.-ն, ովքեր Հայաստանում զբաղվել են խարդախությամբ,  իրենց հետ հատուկ սեւ գույնի ներկած կեղծ դոլար են բերել և այստեղ գտնելով իրենց թիրախին՝ գործարք են առաջարկել, ապա որպես ներդրում այդ գումարը ցույց տվել՝ վստահեցնելով, թե հատուկ լուծույթով այն կարելի է մաքրել ու դարձնել իսկական դոլար:

Իրենց ասածը հիմնավորելու և կասկածները ցրելու համար նրանք մի քանի սեւ ներկած իսկական դոլար են մաքրել հատուկ լուծույթով` այդպիսով ձեռք բերելով վստահություն, սակայն հետո պատճառաբանել են, թե այդ լուծույթը վերջացել է ու նորը պետք է գնել մնացած սեւ գույնով ներկած կեղծ դոլարները մաքրելու համար. այսկերպ նրանք խաբեությամբ տարբեր մարդկանցից մեծ չափի գումարներ են շորթել ու անհետացել:

Ըստ ավելի վաղ տարածված տեղեկատվության՝ այսօր ոստիկանությունը Արմավիրի մարզի Թաիրով գյուղում ձերբակալել է  Լիբերիայի քաղաքացիներ 38-ամյա Ջորջ Տոկոնջա Զաոզաոյին, 36-ամյա Մարկ Կպարդեհ Դոսեին, 34-ամյա Ֆոստեր Զաքրագեյին, Կոտ Դի Վուարի քաղաքացի 23-ամյա Մամադա Սանգարին և Նիգերի քաղաքացի 47-ամյա Նուգավոր Մայքլ Դոմբիրիին:

Ձերբակալված օտարերկրացիներից մեկը  նկարահանվել է հայաստանյան հեռուստասերիալներում:
Ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ ըստ իր տեղեկությունների՝ օտարերկրացիները բերման են ենթարկվել առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախություն կատարելու համար. նրանց բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել և առգրավվել են չհրկիզվող պահարան, 1500 ԱՄՆ դոլլար և սև գույնի հատուկ քիմիկատ:
Մասնավորապես նրանք իրենց հերթական զոհին հրապուրելու նպատակով հայտնել են, որ իրենք հայտնագործել են հատուկ սև գույնի նյութ, որը օգտագործելով՝ կարելի է ստանալ 100 տոկոսանոց ԱՄՆ դոլարներ, և որպեսզի իրենց ցանցը ընկած միամիտ քաղաքացին համոզվի նախապես իրական դոլարի թղթադրամի վրա քսում են իրենց մոտ եղած սև նյութը և միամիտներին համոզում, որ տեսեք՝ սովորական սև թղթից կարելի է ստանալ իրական դոլլար, անգամ առաջարկել են տանել ցանկացած բանկ և ստուգել:

Լուսանկարն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել