Tert.am-ը գրում է.

Փոփոխությունները, որոնք կատարվում են՝ հիմնականում միտված են ամրագրելու այնպիսի մոտեցումներ, որոնք առավելագույնս թափանցիկ կդարձնեն ընտրական գործընթացները,: Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը մեծացնելո՞ւ է վստահությունը ընտրական գործընթացի հանդեպ:


Միաժամանակ Տիգրան Մուկուչյանն ասաց, թե ցանկացած փաստաթուղթ չի կարող կատարյալ համարվել: «Միշտ էլ կարող են նորանոր մոտեցումներ, լուծումներ առաջարկվել, առավել ևս, երբ ԸՕ-ն կարգավորում է հասարակական հարաբերություններ, որոնք գտնվում են զարգացման փուլում»,- հավելեց նա:


Մեր դիտարկմանը, թե շարունակվում են մտահոգությունները, որ ԿԸՀ-ն շարունակելու է «նկարել» արդյունքները ինչպես նախորդ Ընտրական օրենսգրքի պայմաններում, այնպես էլ հիմա, Տիգրան Մուկուչյանը չհամաձայնեց: Նա նշեց, որ քվեարկության արդյունքներն իրականացվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներում, տալիս են թվերի քաղվածք, որտեղ էլ կազմվում են աղյուսակներ: «Մեխանիզմը սա է. եթե արձանագրվում են այլ թվեր, որոնք մեկ այլ արձանագրության մեջ փոխվում են, ԿԸՀ հետ կապ չունի, մենք ստանում ենք թվերը, գումարում: Տեղամաս առ տեղամաս աղյուսակավորում ենք, որ լիարժեք ապահովվի գործընթացը»,- նշեց Մուկուչյանը:


Դիտարկմանը, թե կեղծիքը փաստորեն մինչև ԿԸՀ-ն է տեղի ունենում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ եթե որևէ բան ինչ-որ տեղ տեղի է ունենում, դա հանձնաժողովն է, որը ամփոփում է տվյալ հանձնաժողովի արդյունքը:


Ինչ վերաբերում է ցուցակների հրապարակմանը, ապա Տիգրան Մուկուչյանը նշեց, թե իր կարծիքով քվեարկության գաղտնիությունը խախտվում է, երբ հրապարակվում է քվեարկողի անունը: «ԸՕ նոր նախագծով կա հնարավորություն ստանալու լիարժեք տեղեկատվություն այս առնչությամբ»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել