Tert.am-ը գրում է.

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը 2015թ բյուջեի կատարողականի քննարկմանը, երբ հերթը Արդարադատության նախարարությանն էր, նախարար Արփինե Հովհաննիսյանին շնորհավորեց ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ:


Հաշվետվությունից հետո ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նկատեց,  թե դատական ատյաններում շատ երկար են քննվում գործերը, և նախարարին հարցրեց, թե արդյո՞ք ժամանակը չէ դիտարկել միջնորդ դատարանների հարցը, որոնք կդառնան մրցակցային դատական ատյաններ:


Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց՝ իսկապես պետք է ուսումնասիրություն կատարել, և եթե հանգեն եզրակացության, որ անհրաժեշտ է միջնորդ դատարան, ուրեմն Արդարադատության նախարարությունը կստանձնի դրա օրենսդրական նախաձեռնությունը: «Այո դատական գործերը շատ են երկարում, դա լուրջ խնդիր է, ես որպես նախարար լուրջ բողոքներ եմ ստանում: Պատճառն այն է, որ դատավորների թիվը քիչ է, մյուս կողմից էլ դատավորների թվի ավելացումը չի կարող երաշխիք լինել արդյունավետության բարձրացման համար: Այնպես որ, այդ ուղղությամբ լուծումներ ենք նախատեսում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:


«Այս կարճ ժամանակում, ինչ նախարար եք աշխատում, քանի՞ կարգապահական վարույթ եք ընդունել դատավորների նկատմամբ»,-Արփինե Հովհաննիսյանին հարցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ մեկնաբանություն չի տա, միայն կասի, որ մեկ կարգապահական վարույթ արդեն ուղարկվել է համապատասխան մարմնին, երկուսն էլ «ճանապարհին են»: «Այնպես որ ես հարուցել եմ կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ»,- ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել