Tert.am-ը գրում է.

Պետական մարմինների քանակը օպտիմալացման ծրագրի շրջանակներում հավանաբար կկրճատվի: Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչո՞վ է ավարտվելու պետական գերատեսչությունների ծախսերը կրճատելու, օպտիմալացնելու քաղաքականությունը, որը մեկնարկեց ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատելուց, ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի-ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:

«Հաջորդ քայլը շուտ մի սպասեք... Սրա կարևոր հարցադրումը հետևյալն է՝ պետական մարմինների լիազորությունների վերանայում, հավանաբար, պետական մարմինների քանակի կրճատում, ինչը չի նշանակում՝ աշխատակիցների կրճատում»,– ասաց նա:

Ճշտող հարցին՝ առաջիկայում գերատեսչություններ կմիավորվե՞ն, Դավիթ Հարությունյանը հստակեցրեց. «Այո, բայց խնդիրը խոշորացումը չէ: Կարելի է խոշորացնել, բաժանել, խոշորացնել, բաժանել, բայց էական բան չփոխել: Ամենակարևոր հարցը լիազորումն է, կառավարության գործունեության բեռնաթափումը, ինչի վրա մենք աշխատում ենք»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե ավտոմեքենաներն էին միակ ուռճացված ծախսը, արդյո՞ք չկան այլ շռայլություններ, ճոխություններ, Դավիթ Հարությունյանն ,այսպես արձագանքեց. «Մարդիկ, ովքեր ուռճացված են համարում, փոքր-ինչ մեղանչում են ճշմարտության դեմ: Մեր բյուջեի ծախսը պետք է համեմատվի այլ պետությունների հետ: Եթե դա անեք, կտեսնեք, որ Հայաստանն այդ առումով գտնվում է սանդղակի ներքևում, ոչ թե ուռճացված է: ՀՆԱ-ով համեմատեք, կտեսնեք... Բայց այնուամենայնիվ, մենք մեր համակարգով բավարարված չենք, կարծում ենք, որ պետական ապարատը պետք է նոր խնդիրներ իր ուսերի վրա վերցնի՝ առանց մեծացնելու պետական ապարատը»:

Դավիթ Հարությունյանը նշեց, թե միայն առաջին հայացքից է երևում, որ ոչինչ չի արվում, բայց դա այդպես չէ:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել