Ի՞նչ է հնարավոր հասցնել մեկ շաբաթում: Եթե յոթ օր նվիրեիր մեկ նպատակի հասնելու համար, որքա՞ն մեծ կլիներ ձգտումդ, ի՞նչ աստիճանի նվիրվածություն պատրաստ կլինեիր ցուցաբերել այդ գործին: Սրանք էին հարցերը, որ իրենց տվեցին բազմալեզու երկվորյակներ Մեթյու և Մայքլ Յոլդենները, երբ որոշեցին մեկ շաբաթում թուրքերեն սովորել: Եղբայրները վարժ տիրապետում են ինը լեզուների և հասկանում են տասնյակից ավելի լեզու: Նրանք այնքան լավ ու բնական ակցենտով են խոսում իրենց իմացած լեզուներով, որ իրենց նույնիսկ «լեզվի քամելեոն» են ասում:

Իսկ ինչպե՞ս են նրանք կարողանում այդքան լեզու սովորել ու մտապահել շատ կարճ ժամանակում: Ահա մի քանի խորհուրդ բազմալեզու եղբայրներից, թե ինչպես կարելի է շատ կարճ ժամանակում նոր լեզու սովորել:

  1. Պարզիր, թե ինչ և ինչու ես ուզում

Հենց սկզբից հստակ սահմանիր քո նպատակը, իսկ հետո գծիր այդ նպատակին հասնելու ուղին:

Երկվորյակները որոշեցին ուժերը փորձել մեկ շաբաթում լեզու սովորելու մեջ: Այսպիսով, առաջ եկավ լեզուն ընտրելու հարցը: Թուրքերենը ամենահարմար տարբերակն էր, որովհետև Գերմանիայի մայրաքաղաքում մոտ 300,000 թուրքախոս կա, հետևաբար նաև շատ են թուրքերեն ցուցանակներով խանութները: Եվ շրջակայքը լավ հասկանալու համար անհրաժեշտ էր թուրքերեն իմանալ: Փորձեցին հնարավորինս ազատվել առօրյա այլ պարտականություններից ու զբաղմունքներից, որպեսզի կարողանային օրական ութ ժամ տրամադրել լեզուն սովորելուն: 

«Ես ուզո՛ւմ եմ սովորել սա, ուրեմն ինչ կարող եմ, կանեմ այս լեզվում, այս լեզվի հետ և այս լեզվի համար»:

  1. Կպչունություն

Հենց առաջին պահից շրջապատիր քեզ նոր լեզվից արված նշումներով, թղթերով, պաստառներով... Այդպես պասիվ կձևավորես ու կամրապնդես լեզվի հետ կապված ասոցիացիաներ:

Առաջին գործնական քայլը, որ երկվորյակներն արեցին իրենց ամբողջ բնակարանը սոսնձվող թղթերով պատելն էր: Քրքրեցին բառարանները և իրենց շրջապատող ամեն ինչի վրա փակցրեցին համապատասպախան թուրքերեն բառը: Եվ կես ժամ հետո արդեն անհնար էր որևէ գործողություն անել, օրինակ սուրճ եփել, լույսը հանգցնել և այլն՝ առանց այդ գործողությանը վերաբերող երեք թուրքերեն բառի բախվելու:

  1. Գործընկեր ձեռք բեր

Նույն նպատակը հետապնդող գործընկերոջից ավելի լավ խթան, երևի, չկա: Քեզ կարող է քաջալերել մրցակցությունը կամ միասնական պատասխանատվության զգացումը, ու նույնիսկ քեզ հետ սովորող ընկերոջ պարզապես ներկայությունը կարող է անհրաժեշտ ճնշում գործադրել գործին ամբողջ ուժերով տրվելու համար:

Եղբայրներն իրար մեջ բաժանեցին սոսնձվող թղթերը փակցնելու պարտականությունը, իսկ հետո սկսեցին իրար անընդհատ հարցնել սովորած բառերը: Նույն օրը տարբեր բաներ սովորելով՝ եղբայրները ինֆորմացիայի աղբյուր դարձան միմյանց համար, և անընդհատ իրար հարցնելով այս կամ այն բառի նշանակությունը ավելի շատ բառ սովորեցին և ամրապնդեցին սովորածը, քան կաներ նրանցից մեկը, եթե միայնակ սովորելիս լիներ:

Եվ արդեն շաբաթվա վերջերում երկվորյակները միմյանց հետ կարողանում էին թուրքերենով փոխանակվել առօրյա գործողությունների վերաբերյալ՝ իրար թեյ կամ սուրճ առաջարկել, որոշել, թե երեկոյան ուր գնալ կամ ինչով զբաղվել և այլ առօրյա հարցեր:

«Մենք անընդհատ մոտիվացնում ենք իրար: Մեկս մյուսին ստիպում է ջանք չխնայել այդ գործի համար, անել ամեն ինչ և նույնիսկ ավելին, քան կարող է: Եթե ինձ մոտ մի բան լավ է ստացվում, եղբայրս նախանձում է ու ինքն էլ է փորձում հասնել ինձ և ընդհակառակը»:

  1. Մինիմոտիվացիաներ ստեղծիր

Նպատակին հասնելու ճանապարհին սահմանանիշեր են պետք քեզ: Դրանք կարող են փոքրիկ մարտահրավերներ լինել, օրինակ՝ իրական կյանքում որոշակի իրավիճակում տվյալ լեզվով շփում, որի համար ստիպված կլինես հատուկ նախապատրաստվել, տվյալ իրավիճակին համապատասխան բառապաշար ձևավորել և այլն:

Մեթյուն և Մայքլը ամբողջ շաբաթվա ընթացքում բազմաթիվ միկրո-մարտահրավերներ էին իրենց առջև դրել: Առաջին օրը նրանց այցելեց թուրք ընկեր, որ թուրքերենով բարևեց նրանց և գովաբանեց, թե ինչ արագ են յուրացրել առաջին բառերն ու արտահայտությունները: Սովորեցին մրգերի անունները և մեկից մինչև մեկ միլիարդ բոլոր թվերը, որ գնան թուրքական շուկայում գնումներ անելու: Այսպես շատ ու շատ այլ բաներ:

  1. Կեր, խմիր, ամեն ինչ արա այդ լեզվով

Փորձիր ամեն ինչ կապել այն լեզվի հետ, որը սովորում ես: Շրջապատիր քեզ տվյալ լեզվի հետ կապված ուտելիքով, երաժշտությամբ, ֆիլմերով, որ նույնիսկ հանգստի ժամին ամեն ինչ հիշեցնի այդ լեզվի մասին, ինչպես նաև խթանի հետաքրքրությունը և մոտիվացիան:

Եղբայրները սովորելու ընթացքում տասնյակ տարբեր տեսակի թուրքական ուտեստներ էին փորձում՝ ընթացքում ուշադիր ուսումնասիրելով փաթեթի վրա նշված սննդանյութերը և տվյալ սննդի վերաբերյալ այլ տեղեկություններ: Ամբողջ շաբաթվա ընթացքում եղբայրները երբեք լիովին չէին կտրվում թուրքերենից, նրանց ամեն մի զբաղմունք կապված էր այդ լեզվի հետ,՝ թե սնվելիս, թե ֆիլմ դիտելիս:

  1. Օգտագործիր արդեն ունեցածդ գիտելիքներդ, համեմատիր իմացածդ լեզուների հետ
Ինչքան խորն է ընկալման գործընթացը, այնքան ավելի շատ է նոր ինֆորմացիան հիշվում: Անընդհատ զուգահեռներ և համեմատություններ արա արդեն իմացածդ լեզուների հետ:

Այդ շաբաթվա ընթացքում եղբայրների ամենաշատ օգտագործված արտահայտությունը հետևյալն էր.

 - Ա՛յ սա շատ նման է…

Նրանք անընդհատ գործածում էին իրենց իմացած լեզուները նոր յուրացվող թուրքերենը սովորելու և ամրապնդելու համար: Նոր յուրացվող բառերի հետ ասոցիացիաներ ստեղծելով դրանք տպվում էին հիշողության մեջ:

  1. Նոր հետաքրքրություններ մտցրու

Թեև արդեն կազմել ես սովորելու  ծրագիրը, գծել ուղին, ընտրել ես նախընտրելի մեթոդները, բայց մի մոռացիր անընդհատ նոր բաներ փորձել. նոր լեզուն նույնքան աղբյուրներ ունի, որքան մայրենի լեզուդ:

Եղբայրները շատ ժամանակ են անցկացրել գրքերի և համակարգիչների առջև՝ նորանոր, հետաքրքիր վարժություններ փնտրելով, երբեմն նաև զբաղված էին նաև համացանցում թուրքական հայտնի ռադիոկայաններ, ֆուտբոլային խաղերի մեկնաբանություններ փնտրելով:

Նոր լեզու սովորելու հստակ մեթոդ, գործիք կամ ուսուցիչ չկա, միայն որի միջոցով ամբողջովին կհմտանաս տվյալ լեզվում: Լեզվով գրում են, կարդում և հաղորդակցվում: Սրանցից յուրաքանչյուրը հատուկ հմտություններ է պահանջում: Հաճախ լեզու սովորողները հաղորդակցվում են միայն իրենց ուսուցչի հետ, և հազվադեպ են որևէ կապ ունենում մայրենի լեզվակիրների կամ ծանոթանում տվյալ լեզվով գրված լրատվություններին: Ամեն օր նորովի մոտեցիր սովորելու գործընթացին, անընդհատ նոր բան ավելացրու: Այդ լեզվով երգեր լսիր, լուրեր կարդա, պատմություններ գրիր, նույնիսկ կարող ես ինքդ քեզ հետ խոսել, ասենք օրինակ, ճաշ պատրաստելիս:

«Այո, ինքդ քեզ հետ խոսելը շատ տարօրինակ զբաղմունք կարող է թվալ, բայց սա լեզուն բացելու շատ լավ միջոց է, հատկապես  երբ այդ լեզվով զրուցակից չունես»:

Միշտ աշխատիր նոր համ ու հոտ հաղորդել սովորելու գործընթացին, որպեսզի չկորցնես հետաքրքրությունն ու մոտիվացիան:

«Լեզու սովորելը պետք է նաև զվարճալի ու հետաքրքիր լինի, ոչ թե ձանձրալի դասապրոցես»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել