Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց, թե եկել են կարևոր եզրակացության, որ Կառվարությունն ընդունում է ավելի շատ որոշումներ, քան իրականում անհրաժեշտ է:

«Էապես կրճատելով կառավարության որոշումները՝ կլիներ լավագույն ցուցանիշը: Մենք պատրաստվում ենք մոտ մեկ տարվա ընթացքում հասնել ռազմավարական այնպիսի  արդյունքի, որ կառավարության որոշումները կրճատվեն մոտ 4 անգամ»,-ասաց նա։

Դավիթ Հարությունյանը նշեց, թե տարեկան 10 000-ից ավելի որոշումներ ու փորձագիտական եզրակացություններ են ունենում, որից հասկանալի է դառնում, թե ինչքան մեծ է ծանրաբեռնվածությունը: Ըստ նրա, Կառավարությունն իրականացնում է հսկայական ծավալի ծրագրեր ևս:

ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց ՀՀ վարչապետի հայտարարությունից՝ արմատական բարեփոխումներ իրականացնելու մեկնարկի մասին: «Խոսքը ֆիզիկակա՞ն կրճատումների մասին է, թե՞ կարող ենք վերաիմաստավորվել աշխատակազմի փորձառությունները և ներկայիս պահանջներին համահունչ դարձնել»,-հարցրեց նա: 

Դավիթ Հարությունյանն ասաց, որ խոսել պրիմիտիվ կրճատումների մոտեցման մասին ճիշտ չէ: «Ուղղակի ծանրաբեռնել այն աշխատողներին, որ կան, իհարկե տեղին չէ, խոսքը շատ ավելի խորը գործընթացի մասին է: Մեր նպատակը մեր աշխատանքը վերաիմաստավորելն է»,-ասաց նա և հավելեց, թե դա հեշտ խնդիր չէ։

Խոսրով Հարությունյանն արձագանքեց, թե կարևոր է, որ դա չդառնա մեծաբանակ կրճատման գործընթաց, ինչը հանրության շրջանում նման կերպ է ընկալվում:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, թե ասվում է, որ պետական ապարատն ուռճացված է ծախսերի մասով, սակայն պարզվում է, որ  կրճատում են օգտագործված մեքենաները, իսկ աշխատակազմի կրճատումների մասով իմացան, որ վերաիմաստավորվելու է: «Ոչ  մի լավ նորություն չիմացանք»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը խորհուրդ տվեց նման պնդում չանել։ «Ես ամենևին չասացի ուռճացված պետական ապարատի մասին, չեմ ասել, չօգտագործվող մեքենաների կրճատման մասին ... իհարկե կան չօգտագործվող մեքենաներ: Ես հայտարարում եմ 109 մեքենաների մասին, որոնք առաջացնում են ֆինանսական հետևանքներ: Սա նշանակում է այդքան մեքենայի ծախս բյուջեից դուրս է գալիս»,- ասաց նա:

Դավիթ Հարությանը նշեց, թե օրինակ՝ իրավական ծառայությունում 9000 գրության համար 13 հոգի են ընդամենն աշխատում: «Այնպես որ խոսել ուռճացման մասին, սխալ է, խոսել արդյունավետ է՝ ոչ, ես չեմ էլ համարում արդյունավետ է, քանի որ չեմ կարծում, որ 13 հոգով հնարավոր է այդքան փաստաթուղթ ուսումնասիրել»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը պնդեց, թե ուռճացված ասելով, իհարկե, այդ 13 հոգուն նկատի չունի, բայց որ օրինակ՝ մարզպետարանները ուռճացված թվով աշխատողներ ունեն, ըստ նրա՝ ակնհայտ է: «Կցանկանայի չմնա հռետորաբանության մակարդակում»,-ասաց Մարուքյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել