Exclusive

Դերասան Մկրտիչ Արզումանյանն այս գարնանը 2 նոր նախագիծ ներկայացրեց իր լսարանի դատին՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմն ու «Պլյուս-մինուս» ներկայացումը։ Այս նախագծերում Մկոն հանդես եկավ ոչ միայն որպես դերասան, այլև պրոդյուսեր։ Սա առաջին անգամն էր, որ կազմակերպչական աշխատանքներից հեռու Մկոն հանձն էր առել նաև այս աշխատանքը։ BlogNews-ն օրերս հյուրընկալել էր դերասանին ու հետաքրքիր զրույց ունեցել նրա հետ։

 

-Մկո, այս գարունը բավականին բուռն էր Ձեզ համար, 2 նոր նախագիծ ներկայացրիք հանդիսատեսին։ Գո՞հ եք արդյունքներից։

-Շատ ուրախ եմ, որ այդպիսի ֆիլմ ստացվեց՝ սպիտակ, մարդկային, նորմալ հարաբերությունների մասին, որն իրոք արժանի է ընտանեկան դիտման։ Ինձ համար դա շատ կարևոր էր, որովհետև տեսնում ենք բազմաթիվ նախագծեր, որոնց դեպքում հաշվի չի առնվել, որ դա պետք է դիտեն նաև երեխաները, ճաշակով մարդիկ։ Մենք արել ենք այնպիսի ֆիլմ, որից չէի ամաչի ու կցանկանայի տեսնեն նաև իմ երեխաները։

Կոլորիտային ֆիլմ է ստացվել։ Այն հարմար է նաև այլ լեզուներով ադապտացնելու համար, քանի որ համամարդկային արժեքներ է ներառում։ Արդեն ուզում ենք սկսել ադապտացիայի աշխատանքները։ Ֆիլմը նախատեսում ենք թարգմանել ռուսերեն և անգլերեն։

 -«Պլյուս մինուս»-ում ոչ թե քաղաքական իրադարձությունների եք անդրադառնում, այլ դեմքերի՝ ամենաբարձր մակարդակով։ Որքանո՞վ էր Ձեզ համար ռիսկային այս քայլը։

-Մենք մտավախություններ չունեինք, որովհետև առողջ հումոր ենք մատուցել, որևէ մեկին չենք վիրավորել։ Հումորը պետք է մնա հումոր, պետք է չանցնել սահմանները, դա խոսում է քո պրոֆեսիոնալիզմի մասին։ Արձագանքներն էլ դրական են, բոլորն ասում են, որ համարձակ էր, սակայն առողջ։

- 1 տարի առաջ նկարահանվեցիք Մհեր Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմում, որտեղ ավելի դրամատիկ կերպարով եք ներկայանում։ Ձեզ հաճախ են հարցնում, իսկ ինչո՞ւ դրամատիկ կերպարով չեք ներկայանում, ի վերջո, խաղացիք։  Ի՞նչ տվեց Ձեզ այս կերպարը։

- Ինձ համար շատ հետաքրքիր էր՝ ինչպե՞ս ես ինձ կդրսևորեմ այդ դերում. սա փորձություն էր, չգիտեի՝ ինչ կստացվի։ Երբ լսարանը երկար տարիներ սովոր է քեզ տեսնել որպես կատակերգու, բայց դու կարողանում ես նաև հուզել, պետք է անցնել այդ ճանապարհը։ Գործընկերներս ու Մհերն ասացին, որ ստացվեց։ Ես և Նազենի Հովհաննեսյանը խաղում էինք ամուսինների, Մհերն ասում էր, որ շատ համոզիչ ենք խաղում։ Շատ ուրախ եմ, որ ստացվեց, Նազենին հրաշալի դերասանուհի է, ինձ շատ լավ էի զգում՝ խաղալով նրա հետ։

Ես հասկացա, որ այսուհետև բաց չեմ թողնելու նմանատիպ ոչ մի առաջարկ։ Ինձ համար շատ հետաքրքիր էր դա։

-Նախագծեր ներկայացնելիս միշտ շեշտում եք, որ պետք է այնպիսի բան անեք, որ չամաչեք։ Ինքնաքննադա՞տ եք։

-Շատ։ Ես միշտ դժգոհ եմ իմ կատարած աշխատանքից։ Դա մի կողմից լավ է, որովհետև միշտ զգոն եմ, մյուս կողմից՝ վատ։ Երբեմն չափն անցնում եմ. բոլորն ասում են, որ ամեն ինչ լավ է, իսկ ես չեմ հավատում։ Ամեն դեպքում, եթե մի բան լավ է ստացվում, շատ լավ, անցանք առաջ, չպիտի մնաս նույն տեղում, բավարարվես արածով, որովհետև դա բերում է լճացման։ Երբ քեզ թվում է, որ ամեն ինչ լավ է, դու կայացած արտիստ ես, միայն կայացած նախագծերում ես մասնակցում, արդեն վատ է։ Մարդը պետք է անընդհատ սովորի, կապ չունի՝ քանի տարեկան է. ամեն տարիք ունի իր յուրահատկությունները։

-Գալիս է մի տարիք, երբ սովորելուն զուգահեռ սովորեցնում ես։ Ի՞նչ եք ամենից շատ ուզում սովորեցնել ձեր երեխաներին, շրջապատին։

-Աշխատասիրություն ու մարդկանց հանդեպ ուշադրություն։ Երբեք չպիտի չարանաս, որովհետև չարությունը կուրացնում է։

-Հիմա շատ երիտասարդ դերասաններ են ստանձնում դերասանի վարպետություն դասավանդելու աշխատանքը։ Դուք երկար տարիների փորձ ունեք, ինչո՞ւ չեք դասավանդում, Ձեր փորձը փոխանցում նորեկներին։

-Ինձ մի քանի տարի ևս պետք է, որ ուսումնասիրեմ աշխատանքս, որպեսզի ինձ վրա վերցնեմ այդ պատասխանատու գործը՝ ինչ-որ բան սովորեցնել և ուղղություններ ցույց տալ նոր սերնդին։ Դա իսկապես շատ պատասխանատու աշխատանք է։

- Երկար տարիներ հեռուստատեսությունում լինելը ոչ միայն շատ բան տալիս է՝ հայտնիություն, սեր, սիրելի աշխատանք, այլև շատ բան խլում։ Մշտապես հասարակության ուշադրության կենոտրոնում լինելը լուրջ պատասխանատվություն է։  Ի՞նչ խլեց Ձեզանից հեռուստատեսությունը։

-Սկզբնական շրջանում ես շատ մեծ մտավախություն ունեի, որ վերջ. ամեն ինչ փոխվեց, հանգստություն էի ուզում, բայց հասկացա, որ դա էլ իմ գործի կարևոր մասն է։ Եթե հետաքրքրության կենտրոնում չես, նշանակում է՝ աշխատանքդ լավ չես կատարել։

Հեռուստատեսությունն ինձնից խլեց մեծ էներգիա, բայց դա նորմալ եմ համարում։ Դերասանների մոտ ժամանակն առավել բուռն և արագ է անցնում։ Ժամանակդ թռչում է ու չես հասկանում՝ ինչպե՞ս անցան տարիները։

-Ինձ համար զարմանալի էր իմանալ, որ Դուք շոու բիզնեսում ընկերներ չունեք, որովհետև բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեք։

-Ես փորձում եմ մտերմություն անել բոլորի հետ, սակայն իմ ընկերները շոու  բիզնեսից չեն։ Ընկերություն հասկացողությունն ինձ համար ուրիշ է։ Տարիները ցույց տվեցին, որ իմ ընկերները շոու բիզնեսից չեն, այլ բնագավառներում են աշխատում։ Դա ինքնըստինքյան է ձևավորվել. իրենց հետ ես ինձ ավելի հարմարավետ ու անկեղծ եմ զգում։ Բայց պետք է ամեն ինչի դրական վերաբերվես ու հնարավորինս պահես ջերմ հարաբերությունները։

-Ձեր ոլորտում մարդիկ ավելի ամբիցիոզ են։ Լավ հարաբերություններ պահպանելը բա՞րդ է։

-Ամենաբարդը հենց մարդկային հարաբերությունները պահելն է։ Ամեն մեկն իր ամբիցիաներն է առաջ տանում։ Շատ կարևոր է գործընկերներիդ հետ լեզու գտնելը։ Մենք արեցինք «7.5» նախագիծը, ու ես մինչև հիմա զարացած եմ, թե այդքան տարբեր ոճերի 8 մարդիկ ինչպե՞ս միացան ու ստացվեց այդ ամենը։ Կարծում եմ՝ հիմա անհնարին կլիներ նմանատիպ բան անելը, որովհետև որքան մեծանում ես, այնքան ավելի բարդ է դառնում։ Ինձ համար կարող է ծիծաղելի չլինել ինչ-որ բան, մյուսի համար՝ ծիծաղելի, իսկ դրա մասին բանավեճն անվերջ լինի։

-Մկո, Դուք միշտ զերծ եք մնացել քաղաքական քննարկումներից։ Նշել եք, որ դա Ձեր գործունեության դաշտը չէ։ Թերևս դա միակ պատճառն է, որի համար արժանացել եք նաև քննադատության։ Ապրիլյան պատերազմի օրերին խոսեցիք այդ իրադարձությունների, հավաքվող օգնության՝ տեղ հասնել-չհասնելու մասին։ Սա ընդառաջ քա՞յլ էր հասարակական քննադատությանը։

-Ոչ, բացարձակ։ Դա մեր ազգային խնդիրն էր, ես պարտավոր էի արտահայտվել։ Ասելիք միշտ կա, բայց անհասկանալի է, երբ մեկը գնում է ինչ-որ տեղ ու քեզ մեղադրում, որ իր կողքին չես։ Դու պետք է նախ տեսնես՝ ով է նա, ինչ ճանապարհ է անցել, վստահ լինես, որ ինչ-որ մեկի հետ պայմանավորվածություն չունի, ինչ-որ մեկի ուղարկած մարդը չէ, միգուցե ուղղակի քեզ օգտագործում է իր կամ ոմանց շահերի համար։ Ես չեմ ուզում դառնալ գործիք։ Նաև՝ լավ ճանաչելով ոմանց, ովքեր փորձում են իրենց PR-ով զբաղվել (իրենց մոտ դա փայլուն ստացվում է), ես ուղղակի չեմ ուզում մտնել այս դաշտ։

Գերադասում եմ իմ ասելիքն արտահայտել իմ նախագծերում, ինչպիսին, օրինակ, «Պլյուս-մինուս»-ն է։

-Հայտնիների մոտ ինչ-որ պահի ազարտ էր դարձել քաղաքականության մասին խոսելն ու քննադատելը, որովհետև հասարակությունը միանգամից ոգևորվում էր, փառաբանում նրանց։ Այն եզակի մարդկանցից եք, որ չգայթակղվեց PR-ի այդ տարբերակով։

-Որովհետև դա իմը չէ։ Ես դա համարում եմ կեղտոտ PR, եթե դու պետք է խաղաս մարդկանց զգացմունքների հետ, չարաշահես վստահությունը, փորձես բարի թվալ, բայց իրականում կիլոմետրերով հեռու լինես այդ բարությունից։ Ես ի՞նչ կապ ունեմ այդ մարդկանց հետ, թող իրենք իրենց գործն անեն, եթե անցնում է, թող անեն։ Ես չեմ ուզում նրանց հավասարվել և համեմատվել։ Եթե իրենց մոտ ստացվում է, թող այդպես փիառվեն, ես փիառվում եմ իմ աշխատանքով։

-Ուզեք, թե ոչ՝ հասարակությունը համեմատում է, դա Ձեզ զայրացնո՞ւմ է։

-Կարծում եմ՝ դա նորմալ է։ Ժամանակը ցույց կտա՝ ով ինչ է ներկայացնում իրենից, ով ուր է հասել, ի վերջո, ով ինչ նպատակ էր հետապնդում, ով էր բարի, ով՝ չար։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել