Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ, որով ակնհայտորեն սրբագրեց Վիեննայից վերադառնալուն պես արված իր նախորդ հայտարարությունը, վկայում է այն մասին, որ Բաքուն հասկացել է, որ կտուժի:
 
Այս մասին Tert.am-ին հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով, թե ինչու Վիեննայից հետո նույն Մամեդովն ասում էր, որ չեն ստանձնել վերը նշված պարտավորությունը, հիմա նշում են, որ դեմ չեն առաջարկին։

«Հասկանում են, որ նման մակարդակի հայտարարությունները ձախողելուց հետո ուղղակի կտուժեն։ Բացի այդ, նաև հասկանում են, որ պատերազմով խնդիրը լուծելու բոլոր սցենարները փակուղի են մտել։ Հետևաբար, իրենց ոչինչ չի մնում, քան համաձայնել պրոցեսի հետ, անկախ նրանից, թե ինչքանով են դրան հավատում, կամ ոչ»,-ասաց նա։
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական ANS-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, հայտարարել էր, որ «Անջեյ Կասպշիկի լիազորություններում էական փոփոխություններ չեն կարող լինել»։
 
«Ի վերջո , չմոռանանք, որ երեկ էլ նույն Մամեդովը հայտարարել էր, որ կողմնակից են, որ խնդիրը լուծվի բանակցությունների ճանապարհով, խաղաղ եղանակով»,–ասաց քաղաքագետը։
 
Ամեն դեպքում, Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ Բաքուն նման հայտարարություններով փորձում է թյուր տպավորություններ սերմանել ու զգուշացնում, որ հնարավոր է` կփորձեն հերթական ոտնձգությանը դիմել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել