Tert.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը հանդիպել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հետ և կարևորել է խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը: Սթիվենսոնն իր հերթին տեղեկացրել է, որ արդեն իսկ հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը և նախատեսվում է շինաշխատանքները սկսել առաջիկա ամիսներին: Ըստ այդմ՝  ծրագրի իրականացման համար նախատեսված շուրջ 400 մլն դոլարի ներդրում:
 
Բնապահպաններն ու Ամուլսարի հարևանությամբ բնակվող Գնդևազ գյուղի ու Ջերմուկ քաղաքի բնակիչները խիստ անհանգստացած են հանքավայրի շահագործման առթիվ: Մոտ երկու տարի առաջ Գնդեվազի բնակիչները բողոքի մեծ ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով հանքի շահագործման դեմ, քանի որ այն կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ տարածքի բնակչության առողջության համար:
 
Գնդեվազի բնակիչ, ակտիվիստ Կարեն Բարսեղյանը Tert.am–ի հետ զրույցում չբացառեց, որ եթե գյուղացիները զգան վտանգ իրենց առողջությանը՝ հնարավոր է մի մասն արտագաղթի գյուղից:
 
Գնդեվազի գյուղապետ Հարություն Մկրտչյանի խոսքերով՝ հանքավայրի շահագործման առթիվ պարբերաբար քննարկումներ են կազմակերպվել գյուղում, սակայն գյուղացիները տեղյակ չեն, որ առաջիկա ամիսներին հանքը շահագործվելու է:
 
«Անհանգիստ վիճակ է: Էնպես չի, որ համայնքը ուզում է, որ էդ հանքը շահագործվի, ուղղակի առաջարկում են նաև պայմաններ համայնքի բնակչությանը՝ ապահովագրել  հողերը, անասունները, նման առաջարկներ է եղել: Մտավախություն կա ցիանիդի հարթակի հետ կապված, որը շատ մոտ է լինելու մեր համայնքին: Մենք էդ հարցը բազմիցս բնապահպանների հետ բարձրացրել ենք մինչև կառավարություն: Մի մասը լուծումներ ունեցել է, մի մասը՝ դեռ չէ, մի մասին չեն էլ կարողացել պատասխանել, բայց մենք չենք ուզում, որովհետև շատ մոտ է լինելու ցիանիդի հարթակը գյուղին»,- ասաց գյուղապետը՝ հավելելով. «Դա միայն մեր համայնքին չի վերաբերում, ընդհանուր Վայոց ձորին ու Ջերմուկին է վերաբերում: Բոլորն էլ անհանգստաց են: Ո՞նց կարող են մարդկանց համոզել, որ վնաս չի լինելու, եթե բաց հանք ա ու գործելու ա ցիանիդի հարթակով»:
 
Ըստ բնապահպանների՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը վտանգավոր է հատկապես նրանով, որ ընկերությունը պատրաստվում է նատրիումի ցիանիդով կույտային տարրալվացման եղանակով ոսկու և արծաթի կորզման գործընթաց կազմակերպել, իսկ նատրիումի ցիանիդը չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալից մահ: Օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited ընկերությանը պատկանող «Գեոթիմ» ՓԲԸ-ն հենց այս խիստ թունավոր նյութի օգնությամբ է նախատեսում իրականացնել ոսկու կորզումը, ամբողջ Վայոց ձորի մարզը սնուցող Արփա գետից ընդամենը 1 կմ հեռավորության վրա, իսկ մոտակա բնակավայրեր Գնդեվազ գյուղից` 1,2 կմ և Ջերմուկ առողջարանային քաղաքից 7,6 կմ հեռավորությունների վրա:

Բնապահպան Լևոն Գալստյանն անթույլատրելի է համարում Ամուլսարի հանքի շահագործումը: «Դա ներդրում չէ, դա ընդերքի թալանի շարունակության մի մասն է՝ անվերահսկելի ու տարածաշրջանի համար վտանգավոր ռիսկերով: Ոչ մի անկախ մասնագետ չգիտեմ Հայաստանում, որ ասել է, որ այդ հանքավայրը թույլատրելի է, բայց կառավարությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց: Իր տված բնապահպանական վնասը շատ ավելի է լինելու, քանի հանքավայրի օգուտն ու ներդրումները»,-ասաց բնապահպանը:
 
Նշենք, որ ժամանակ առաջ բնապահպանները բաց դիմում էին հղել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) օմբուդսմենի գրասենյակներ Ամուլսարի նախագծի խնդրի վերաբերյալ: IFC-ն եւ EBRD-ն Ամուլսարի նախագիծն իրականացնել ցանկացող «Lydian International» ընկերության գլխավոր բաժնետերերն են:
 
Բողոքում բնապահպանները պահանջում էին հրաժարվել բաժնետոմսերից և Ամուլսարի նախագիծը դիտարկել Ա կատեգորիայում` որպես երկրի և տարածաշրջանի ռազմավարական բնական ռեսուրսների համար անկառավարելի  ռիսկերով նախագիծ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել