Մայիսի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը մասնակցեց Բանգկոկում կայացած ՄԱԿ-ի՝ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Նստաշրջանի նախագահող ընտրվեց Տաջիկստանի պատվիրակության ղեկավար, վարչապետ Քոհիր Ռասուլզոդան, իսկ աշխատանքները համակարգում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարը։

Մայիսի 17-ին նախարարական հատվածի շրջանակներում կայացած բարձր մակարդակի քննարկման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության գործընթացը, ձեռքբերումներն ու ակնկալիքները, ինչպես նաև՝ մասնակիցների խնդրանքով պարզաբանումներ ներկայացրեց ԱՀԿ-ին և ԵՏՄ-ին անդամակցության համատեղելիության վերաբերյալ։

Մայիսի 18-ին կայացած նախարարական կլոր սեղանի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ ձեռքբերումները տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը, նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև ՏՏ ոլորտի դերը ՀՀ կայուն զարգացման գործընթացում։

Նույն օրը լիագումար նիստի ընթացքում ունեցած իր ելույթում Ռոբերտ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները: Նա նաև պատասխանեց մասնակիցների հարցերին։

Բանգկոկ կատարած այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում ունեցավ նաև Թաիլանդի Թագավարության ԱԳ նախարարության մշտական քարտուղարի տեղակալ, փոխնախարար Պանյարակ Պուլտհուպի հետ։ Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ իրավապայմանագրային դաշտի ձևավորման, տնտեսական հարաբերությունների խորացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության վերաբերյալ։

Կողմերը ձեռք բերեցին պայմանավորվածություն առաջարկություններ ներկայացնելու ապրանքաշրջանառության ծավալների աճի խթանման, զբոսաշրջության, ավիափոխադրումների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել