Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող  թիվ 565 բանաձևի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին և Խորխե Սաբագին:

«Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունն ու ընդգծված վերաբերմունքը, որ Չիլիի Պատգամավորների պալատն արտահայտել է որպես դիրքորոշում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հենվելով միջազգային իրավունքի նորմերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:

Առանց չափազանցության, ձեր հայտարարությունը միջազգային անտարբերությունը ճեղքող այն համարձակ քայլերից է, որն ընդօրինակելի պետք է լինի միջազգային անվտանգության հարցերով շահագրգիռ բոլոր դերակատարների համար:

1991թ. իրացնելով ինքնորոշման իր իրավունքը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը  հռչակեց անկախություն, և արդեն շուրջ քառորդ դար է կառուցում ու զարգացնում է ժողովրդավարության վրա հիմնված պետականությունը: Ձեր ծանրակշիռ աջակցությունը մեզ ոգևորում է լիահույս լինել, որ միջազգային հանրությունը կհարգի Արցախի  ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը, ինչը լրացուցիչ երաշխիք կդառնա մեր ժողովրդի անվտանգության ապահովման համար և  կնպաստի տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը»,- ընdգծված է խորհրդարանի նախագահի շնորհակալական նամակներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել