Tert.am-ը գրում է.

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչայի՝ Վերջին զանգը համեստ նշելու կոչին:

Անահիտ Բախշյանը նշեց, որ Վերջին զանգն, անկախ ամեն ինչից, ամեն մի երեխայի կյանքում կարևոր իրադարձություն է:  «Միանշանակ համաձայն եմ, որ պետք է համեստ նշել,  բայց երեխայի կյանքում այդ օրը պետք է լինի հիշարժան, ինչը գումարով չէ պայմանավորված»,-ասաց նա և նշեց, որ ամեն երեխա դպրոց պետք է գնա հաճույքով և դպրոցը պետք է ավարտի ափսոսանքով:

Ինչ վերաբերում է դրամահավաքությանը, ապա նա ասաց, որ դրամահավաքություն ասվածը պետք է հստակեցվի: Նա նշեց, որ ծնողը պետք է որոշի, թե ինչ ծախս պետք է անի, սակայն այդ ամենը պետք է կարգավորվի դպրոցի կողմից:

«Հազար ու մի ձև կա այդ օրը հիշարժան դարձնելու, որը կապված չէ գումարի հետ: Բայց եթե ծնողն իր երեխայի համար ցանկանում է նոր կոշիկ առնել, նոր վերնաշապիկ առնել, դա իր գործն է, դա դրամահավաք չի: Դրամահավաքը պետք է հստակ ասել, թե ինչն է: Օրինակ՝ չի կարելի նվերներ գնել ուսուցիչներին, դպրոցի տնօրենին, սակայն ծաղկեփունջը  դա շնորհակալության նշան է, ինչը կարող են անել:  Բացի այդ չի կարելի քննություններից առաջ ծնողներին պարտադրել սեղաններ գցել և կերակրել ուսուցիչներին, դա շատ տգեղ բան է»,-ասաց նա:

Ամեն դեպքում Անահիտ Բախշյանը ասաց, որ ամեն տարի շատ բողոքներ էր ստանում դրամահավաքության հետ կապված, իսկ այս տարի չի ստացել:  Չնայած դրան՝ նա
հայտնեց, որ մայիսի 20-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլը» Կրթության և գիտության  նախարարին կոնկրետ փաստերով նամակ է ուղարկել և կոնկրետ դպրոցների անուններ է նշել, որտեղ դրամահավաք են իրականացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել