Ժնևում մայիսի 23-ին կմեկնարկի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրագույն վեհաժողովը միավորում է բոլոր անդամ պետություններին:

Նիստի ընթացքում կքննարկվեն առողջապահական տեսանկյունից առավել անվտանգ միջավայր ստեղծելու կարևոր նախադրյալները, համաշխարհային նշանակության առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կմշակվեն աշխատանքի ուղղություններ, որոնք ցանկալի են, որպեսզի անդամ երկրներն ապագայում իրականացնեն:

Ասամբլեային որպես հրավիրված փոխնախագահ մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է մասնակցում նիստին փոխնախագահող երկրի կարգավիճակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

ՀՀ առողջապահության նախարարը հանդես կգա որպես եվրոպական տարածաշրջանի կողմից առաջադրված ասամբլեայի փոխնախագահ: Համաձայն կանոնադրության` Առողջապահության համաշխարհային ասամբլեան ընտրում է նախագահ և հինգ փոխնախագահ` ԱՀԿ յուրաքանչյուր տարածաշրջանից: Յուրաքանչյուր փոխնախագահ համանախագահելու է առողջապահության ասամբլեայի նիստեր: Հանդես գալով որպես փոխնախագահ` ՀՀ առողջապահության նախարարը նաև գլխավոր կոմիտեի անդամ է:

ԱՀԿ ասամբլեայի 69-րդ նիստը կանցկացվի մայիսի 23-28-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել