Կոլումբացի գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի աճյունափոշին հուղարկավորվել է Կարթագենի համալսարանի դամբարանում՝ այնտեղ տեղափոխվելով Մեքսիկայից, որտեղ գրողը մահացել է 2 տարի առաջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լա-Մերսեդ նախկին կաթոլիկական վանքը ներկայումս համալսարանի շենքերի մաս է, որին շատ մոտ գտնվում է Մարկեսի ընտանեկան տունը:

«Հարյուր տարվա մենության», «Սերը ժանտախտի ժամանակ» վեպերի հեղինակի հուղարկավորությանը ներկա է եղել 400 մարդ, այդ թվում՝ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:

Կարթագենում գրողն անցկացրել է իր կյանքի ոչ փոքր հատվածը։

«Հարյուր տարվա մենություն» գրքի ապագա հեղինակն առաջին անգամ քաղաք էր եկել 1948 թվականին՝ աշխատելու տեղի թերթում որպես լրագրող։

Նրա ամենահայտնի վեպերից մեկի («Սերը ժանտախտի ժամանակ») գործողությունները նույնպես տեղի են ունենում կոլումբական այդ նավահանգստում։

Մարկեսը մահացել է 2014-ի ապրիլի 17-ին՝ Մեքսիկայում, 87 տարեկանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել