236572455Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթում մեղադրեց եվրոպական պետություններին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ. նա Եվրոպային մեղադրեց Բանգլադեշում մահապատժի ենթարկված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման տեղի առաջնորդ 72-ամյա Մոթիուր Ռահման Նիզամիի մահապատիժն անարձագանք թողնելու մեջ:

Նա մեղադրվել է 1971թ. Բանգլադեշի հանդեպ Պակիստանի վարած պատերազմում ցեղասպանություն, բռնաբարություններ և կտտանքներ իրականացնելու մեջ: Այդ դաժան պատերազմում երեք միլիոն մարդ է սպանվել, ևս տասը միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը: Էրդողանն իր ելույթում Նիզամիին «շահիդ» է անվանել:

Էրդողանն առաջին անգամ չէ, որ պաշտպանում է «Մուսուլման եղբայրներ»-ին, որոնք դրա համար շատ շնորհակալ են նրան: «Մուսուլման եղբայրներ»-ի հոգևոր առաջնորդ շեյխ Յուսուֆ ալ-Կարադաուին 2014թ. օգոստոսին հայտարարեց. «Իսլամ իմաստունների միությունը որոշում է ընդունել, որ խալիֆաթը պետք է վերականգնվի Ստամբուլում՝ խալիֆաթի մայրաքաղաքում: Նոր Թուրքիան, որ միավորել է կրոնը և քաղաքականությունը, հինը և նորը, արաբական և ոչ արաբական տարրերը, միավորել է ումման: Եվ դա արել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը… Դուք պետք է կանգնեք նրա կողքին, հավատարմության երդում տաք նրան և ասեք՝ դեպի առաջ. ես հավատում եմ, որ Ալլահի կամքով նա հաջողության կհասնի»:

Այնուհետև Ալ-Կարադաուին հայտարարել է, որ Էրդողանն արժանի է հաջորդ խալիֆ՝ աշխարհի բոլոր մահմեդականների հոգևոր, քաղաքական առաջնորդ կարգվելու և գովաբանել է նրան Ղուրանին, սուննիին և շարիաթին հավատարիմ լինելու համար:

Ի տարբերություն ԴԱԻՇ-ի գաղափարաբանության՝ «Մուսուլման եղբայրներ»-ը հավատում են, որ իսլամը պետք է խաղաղ ճանապարհով գրավի բոլոր երկրները, այսինքն՝ քարոզչությամբ և մահմեդական բնակչության աճով: Դա բացահայտ հայտարարված նպատակ է, և Ալ-Կարադաուին կանխատեսել է, որ այդ միջոցը հաջողություն կբերի այնտեղ, որտեղ անհաջողությամբ են պսակվել Եվրոպան ուժով նվաճելու իսլամի փորձերը:

Հավանաբար դրանով են պայմանավորված Էրդողանի՝ փախստականների հոսքը կանգնեցնելու դիմաց Եվրոպայի դարպասները թուրքերի համար բացելու պահանջները: ԵՄ-ն փաստացի համաձայնել է այդ պահանջին, սակայն առաջ է քաշել մի քանի պայման, այդ թվում՝ Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության պահանջը: Եթե համաձայնությունը իրագործվի, ապա թուրք բնակչության թիվը Եվրոպայում կտրուկ կաճի:

Զարմանալի չէ, որ եվրոպական երկրներում շատերը զգուշանում են Թուրքիային առանց վիզային ռեժիմ տրամադրելուց: Այդպիսով նաև Իսրայելը, որը ցանկանում է վերականգնել Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունները, պարտավոր է առավելագույնս զգուշություն ցուցաբերել և առաջ քաշել իր պայմանները՝ համոզվելու համար՝ արդյո՞ք Թուրքիան շահագրգռված է հարաբերությունների կարգավորմանբ, թե՞ ընդամենը ցանկանում է մեկուսացումից դուրս բերել ՀԱՄԱՍ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել