Հարգելի հայրենակիցներ, երբ ասում եք, որ երկրի բարձրագույն ղեկավարները թող գնան՝ սահմանամերձ բնակավայրում ապրեն, գլխանց գիտեք, չէ՞, որ այդպիսի բան չի կարող լինել ու դուք ինքներդ էլ ձեր ասածին չեք հավատում: Բայց ասում եք: Ասենք՝ ասելու համար:
Բայց, ենթադրենք թե՝ գնացին որևէ սահմանամերձ բնակավայրում ապրելու: Հետո՞: Դրանից ի՞նչ է փոխվելու: «Սահմանամերձ տեղ»-ը կոնկրետ տեղ չի, մի բնակավայր չի, ո՞նց եք պատկերացնում: Ու ինչու պետք է խտրականություն դնենք սահմանամերձ բնակավայրերի մեջ՝մեկում ապրեն, մյուսում՝ ոչ: Թե՞ Թուլաթն են, միաժամանակ վայրկենական կարող են տարբեր կետերում հայտնվել: Ու այդ ամենն ինչ կտա՝ անհասկանալի է:
Այլ բան պետք է պահանջել.
1. Հանրապետության բոլոր մարզերի համաչափ զարգացում:
2. Սահմանամերձ բնակավայրերի էլ ավելի պաշտպանունակության մեծացում:
3. Սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական արտոնյալ պայմաններ և տնտեսական գործունեության խթանիչ միջոցներ՝ նոր վերաբնակիչներ այդ բնակավայրերում ավելանալու, ինչպես նաև՝ արտահոսքն այդ բնակավայրերից կանխելու համար:

Երկրի ղեկավարության՝ այդ տարածքներում ապրելը ես հասկանում եմ, որ նրանք այնտեղի ամենօրյա հոգսով պետք է ապրեն՝ անկախ բնակվելու վայրից: Իրենց սիրտը, միտքն ու հոգին այնտեղ պետք է մշտապես լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել