235384394

Haarets-ում հրապարակված հոդվածում Իդան Բիրերը գրում է, որ պրոֆեսոր Շլոմո Ավիներին իր «Արաբների ձախողումները. քրդերի հաջողությունները» հոդվածում բավականին հստակ նկարագրել է այն ցնցումը, որ ապրեց արաբական աշխարհը վերջին հինգ տարում: «Արաբական գարնան» ձախողումը նա համարում է ապացույց այն բանի, որ արաբական երկրները պատրաստ չեն դեմոկրատական ռեժիմին, և մերձավորարևելյան երկրներում փնտրում է նոր, առավել հաջող մոդելներ:

Այդ մոդելը նա հայտնաբերեց վերջին տարիներին Հյուսիսային Իրաքում քրդական ազգայնականության վերածնունդի մեջ: Ես չեմ հերքում այն, որ Հյուսիսային Իրաքում վերջին տարիներին ձևավորվում է քրդական ինքնավարություն անկախության նախանշաններով: Սակայն ինձ թվում է, որ Ավիներիի շարադրանքում Քրդստանի նկարագրությունը հատվածային է և հարթեցնում է մի շարք առանցքային խնդիրներ, որոնք չեն տեղավորվում նրա նկարագրած վարդագույն պատկերի մեջ:

Ավիներին կարծում է, որ Քրդստանում դե ֆակտո պետություն է ձևավորվում: Ինքնավարության նախագահ և այդ շրջանի ամենաազդեցիկ առաջնորդ Մասուդ Բարզանին անցյալ տարի հայտարարեց, որ քրդերը պատրաստ են անկախություն հռչակել, սակայն նրա խոսքերը գործողություններով չամրագրվեցին: Մինչև հիմա չի հայտարարվել պետության ստեղծման մասին, իսկ եթե դա չի արվել վերջին տարիներին ստեղծված բարեպատեհ պահերին, ապա պարզ չէ, թե երբ դա կլինի:

Բարզանին ներկայացնում է իրեն որպես քրդական պետականության երազանքը մարմնավորող առաջնորդ, սակայն նրա իշխանության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա լուսավորված ժողովրդավար առաջնորդ չէ, այլ իշխանության ձգտող կլանի պարագլուխ: Բարզանիի իրավասությունները որպես Քրդստանի նախագահի դադարել են 2013թ., և խորհրդարանը կրկին երկարացրել է նրա պաշտոնավարումը ևս երկու տարով՝ հակառակ այդ հակասահմանադրական քայլին չդիմելու խոստումներին:

Ավելին՝ Բարզանին իր իշխանությունը ամրապնդելու համար դիմում է բոլոր միջոցներին՝ ներառյալ քաղաքական հակառակորդների բանտարկությունները և սպանությունը: Ավիներին իր հոդվածն ավարտում է Քրդստանի խորհրդարանական համակարգի գովաբանությամբ, որտեղ իշխում են Բարզանիի ընտանիքի խմբավորումների կոալիցիան և Թալաբանիի ընտանիքի խմբավորումները:

Նա գրում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նեչիրվան Բարզանին, իսկ փոխվարչապետի պաշտոնը՝ Կուբադ Թալաբանին: Թեպետ նախկինում թշնամի այս երկու ընտանիքների հաշտությունը հույս է ներշնչում, սակայն վերոնշյալ երկու քաղաքական գործիչներն էլ իրենցից ներկայացնում են ոչ ավելի, քան Նեչիրվան Բարզանիի քեռու՝ Մասուդ Բարզանիի միապետությունը քողարկող ժողովրդավարական ֆասադ:

Չնայած Ավիներին քրդերին ներկայացնում է որպես մեկ ամբողջություն, սակայն հոդվածի վերջում նա հիշատակում է Սիրիայում քրդական ինքնավարության երևան գալու մասին: Դրա մեջ նա տեսնում է քուրդ ժողովրդի մեծ ձեռքբերումը՝ ընդգծելով, որ կգա ժամանակը, որ ինքնավարությունները կդառնան Մեծ Քրդստանի ստեղծման համար պայքարի առաջամարտիկները:

Սակայն հարկ է ներկայացնել միմյանց դեմ թշնամաբար տրամադրված այս երկու ինքնավարությունների ամբողջական պատկերը: Մասուդ Բարզանին Անկարայի հետ անպատվաբեր միություն է կնքել, որի հետևանքով իրաքյան Քրդստանը տնտեսապես ամբողջովին կախման մեջ է ընկել Թուրքիայից և չի օգնում Սիրիայի քրդերին:

Այսպիսով, այս երկու ինքնավարությունները ոչ թե նպաստում են Մեծ Քրդստանի ստեղծմանը, այլ ավելի ու ավելի են հեռացնում դրա հնարավորությունը:

Վերոնշյալը չի նշանակում, որ քրդերի ինքնավարության ձգտումը անարդար է, սակայն հարկ է ազատվել քրդերի հանդեպ ռոմանտիկ վերաբերմունքից, որ գոյություն ունի Իսրայելում, և պետք է խոստովանել, որ նրանք վերապրում են այն նույն գործընթացները, որոնք քանդեցին արաբական պետությունները:

Քրդերը պետք է երկար ճանապարհ անցնեն և բուժվեն բազմաթիվ քաղաքական հիվանդություններից, նախքան Ավիներիի նկարագրած ժողովրդավարական պետության մոդելի ստեղծումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել