Exclusive

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը մոտ մեկուկես տարի առաջ կրկնակի երջանկացավ, քանի որ դուստր ունեցավ։ Սաթենիկը խնամքով թաքցնում է 1 տարեկան 5 ամսական դստեր լուսանկարները։ Ըստ նրա՝ դրա համար կոնկրետ պատճառ չկա, պարզապես չի ցանկանում հրապարակայնացնել Լյուսիի լուսանկարները։ BlogNews-ի հետ զրույցում Սաթենիկը պատմել է ընտանեկան կյանքի, երեխաների մասին։ Ի դեպ, թեև Սաթենիկը նշել էր, որ իր ամուսնալուծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նա խնդրեց չհրապարակել ամուսնուն վերաբերող հարցերն ու պատասխանները։

-Սաթենիկ, յուրաքանչյուր կին երազում է աղջիկ ունենալու մասին։ Ձեր ընտանիքում էլ աղջիկը շատ սպասված էր։ Ի՞նչ փոխվեց նրա ծննդից հետո։

-Դա իսկապես երազանք էր ինձ համար։ Քանի որ որդի էլ ունեմ, զգում եմ տարբերությունը՝ իր նրբությունը։ Դստերս անունն իզուր չէր ընտրված՝ Լյուսի։ Նա իսկապես լույս էր մեր ընտանիքում։

-Երբ ընտանիքում հայտնվում է երկրորդ երեխան, ավագն ակամայից խանդով է լցվում։ Նման խնդրի բախվե՞լ եք։

-Չէ, Ալենը բացարձակ խանդ չի ունեցել։ Նա պատրաստ էր քույրիկի ծննդին, դեռ չծնված ժամանակ խոսում էր իր հետ։ Միասին ենք որոշել անունը։ Ալենը շատ է սիրում Լյուսիին և խնամքով է վերաբերում նրան. հոգատար եղբայր է։ Այնպիսի բաներ է անում, որ ապշում ես. ոչ միայն տակդիր է բերում, այլև շատ ավելին է անում՝ պահում է նրան, խաղում է իր հետ, խաղալիքներն են միասին հավաքում, մինչ ես սցենար եմ սովորում։ Ալենն օրինակ է ծառայում Լյուսիին, զգացվում է, որ տանը մեծ երեխա կա։ Ալենը հասկանում է, որ Լյուսին աղջիկ է ու շատ նուրբ է վերաբերվում քույրիկին։ Մենք իր երջանկությունն ենք, ասում է՝ մա՛մ, նա կմեծանա և քեզ նման կդառնա։) Ասում են՝ տղաները հետագայում իրենց մոր նման կանանց են ընտրում։ Իր մոտ Լյուսի էլ կա, մամա էլ, այնպես որ, իր համար ավելի բարդ կլինի։)

-Լյուսիի ծննդից կարճ ժամանակ անց վերադարձաք աշխատանքի։ Ինչպե՞ս եք կարողանում համատեղել նկարահանումներն ու 2 երեխաների խնամքը։

-Ինձ հաճախ են տալիս այդ հարցը, պատասխանում եմ՝ Աստծո կամոք։ Աստծո կամոք ծնվեց դուստրս, քանի որ ինձ համար, իրոք, երազանք էր դուստր ունենալը, հենց էնպիսի դուստր, որը հիմա կողքիս է։  Իհարկե, կան մարդիկ, ովքեր կողքիս են, օգնում են ինձ, սակայն ամենամեծ խնամքը, բնականաբար, մնում է մայրիկի վրա։

-Գիտեմ, որ առանձին եք ապրում, դայակի օգնության դիմո՞ւմ եք։

-Տատիկս է ինձ օգնում, կան նաև հարազատ մարդիկ, ովքեր օգնում են ինձ, սակայն ոչ դայակ։ Չեմ կարողանում վստահել դայակի։ Եթե լինի հարազատ մարդ՝ դայակի կարգավիճակում, դեմ չեմ լինի, սակայն պատրաստ չեմ դիմել օտար մարդու օգնության, քանի որ չգիտեմ՝ երեխայիս հետ ինչպես կվարվի։

-Սաթենիկ, երեխաների հետ ժամանցն ինչպե՞ս եք կազմակերպում, որ երկուսի համար էր հետաքրքիր լինի։ Ամեն դեպքում, տարիքային տարբեր խմբերում են, տարբեր նախասիրություններ ունեն։

-Ֆիլմ դիտելու ենք գնում։ Վերջին անգամ Լյուսիին էլ էինք ուզում տանել, սակայն վախեցանք՝ աղմկի։ Թեև նա ունի այդ համբերությունն ու հետաքրքրությամբ է դիտում մուլտֆիլմեր։ Ոչ միայն ես, այլև շրջապատում շատերն ասում են, որ նա իր տարիքից հասուն է։

Հաճախ գնում ենք սրճարաններ, որտեղ խաղահրապարակում տարբեր տարիքային խմբերի երեխաների համար հետաքրքիր ժամանց են ապահովում։ Իհարկե, դրանք վճարովի ծառայություններ են, բայց ես էլ եմ կարողանում հանգստանալ։

-Լյուսին բնավորությամբ ո՞ւմ է  նման:

-Ինքն իրեն է նման։ Նա արքայադուստր է. թագավորական ծագում ունի։) Դա սուբյեկտիվ եմ ասում՝ որպես մայր։

-Ի՞նչն եք ամենից շատ կարևորում երեխաների դաստիարակության հարցում։

-«Չի կարելի» քիչ ենք ասում։ Ամեն ինչի հիմքում սերն է, ինչ անում ենք, սիրով ենք անում։ Նույնիսկ այդ «Չի կարելին» սիրով ենք ասում, բացատրում ենք, ոչ թե թաթիկին խփում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել