Tert.am-ը գրում է.
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության կողմից հայտարարված կառուցվածքային փոփոխություններին և  օպտիմալացման միջոցառումներին և տեսակետ հայտնեց, որ ՀՀ պետական կառավարման կառուցվածքը կարելի է կրճատել 3 անգամ, իսկ աշխատակիցների քանակը՝ 5-10 անգամ: Ըստ նրա, հաստիքների կրճատումները չեն բերի գործազրկության, եթե կրճատվելու են «իրական ձրիակերները»: 

-Պարո՛ն Մեսրոբյան, կառավարությունը հայտարարել է, որ պետք է կառուցվածքային փոփոխություններ արվեն, օպտիմալացնեն ողջ կառուցվածքը: Արդեն իսկ հայտարարվեց 800 ծառայողական մեքենաների կրճատման մասին: Նախատեսվում է, որ աշխատակազմի քանակը նույնպես կօպտիմալացվի: Արդյո՞ք նման փոփոխություններով կարելի է հասնել ակնկալվող արդյունքի: 

-Որ սկսել են կրճատումներ, դա լավ է, բայց այդ կրճատումների հետ կապված մի քանի հարցերի, այնուամենայնիվ, պետք է տրվեն հստակ պատասխաններ: Նախ՝ այդ կրճատված մեքենաները, տարածքները և ամեն ինչը, ինչ վերաբերում է բացի մարդկային ռեսուրսի կրճատումներին, անհարժեշտ է հասկանալ, թե ինչպես է լինելու իրենց ճակատագիրը, օրինակ՝ ինչպես են դրանք իրացվելու: Հաջորդը՝ նման դեպքերում միշտ վտանգ է լինում, որ հնարավոր է՝ կրճատվեն զգալի մասն այն մարդկանց, որոնք պիտանի են, իսկ անպիտանները շարունակեն մնալ: Այսպիսով՝ աշխատակիցների որակը կարող է իջնել, ես սա չեմ ասում որպես քննադատություն, այլ թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել: Եվ երրորդ հանգամանքը՝ արդյո՞ք գնալու են կառուցվածքային կրճատումներ, ես բազմիցս առաջարկություններ արել եմ, որ կառավարության շուրջը կից կան կառույցներ, հանձնաժողովներ, ՊՈԱԿ-ներ և այլն, որոնք արտաքնապես ցույց են տալիս, որ դրանք նախարարությունների կազմում չեն, բայց իրականության մեջ իրենք ևս պետական կառավարման համակարգի մեջ են մտնում: Շատ կարևոր է, որ կառուցվածքը թեթևանա: Անցյալ տարվա սկզբին հաշվարկներ արեցի, որոնք ցույց տվեցին, որ ՀՀ-ի պետական  կառավարման կառուցվածքը կարելի է կրճատել 3 անգամ, իսկ աշխատակիցների քանակը՝ 5-10 անգամ: Այ, հիմա հետաքրքիր է, թե ինչ ուղղությամբ է գնալու այդ աշխատանքը, որովհետև կրճատումը օպտիմալացում չէ, դա կրճատում է: Օպտիմալացումը կառուցվածքի թեթևացում է, մակարդակների կրճատում, օրինակ՝ նախարար, տեղակալ, դեպարտամենտ, վարչություն, բաժին, խումբ, այսքանից մի երկու, երեք շերտ պետք է վերցվի: 

-Կրճատումները ենթադրում են, որ գործազուրկների բանակ է ավելանում: Այս դեպքում նոր բեռ չի՞ ավելանում: 


- Այստեղ էլ Ձեր հարցի պատասխանը կախված է նախորդ հարցի պատասխանից, եթե կրճատվելու են իրական ձրիակերները։ Աստված տա՝ Հայաստանում գործազուրկները բաղկացած լինեն բացառապես ձրիակերներից, այս դեպքում ձրիակերը նորից շարունակում է իր գործով զբաղվել՝ ոչինչ չանել: Իմ մտավախությունն այն է, որ այն պահին, երբ սկսեն կրճատվել պիտանի մարդիկ, այդ ժամանակ ձեր մտահոգությունները տեղին կլինեն: 

-Ասացիք, որ անցյալ տարի հաշվարկներ եք արել, ըստ Ձեզ՝ նման ծավալի կրճատումներից հետո որքա՞ն գումար կխնայվի: 

-Պետական կառավարման համակարգը, եթե կրճատվի 5-ից 10 անգամ ու աշխատողներն էլ 3 անգամ... նաև որպես երկրորդ կարգ պետք է լինի այն, որ արժանի մարդիկ սկսեն շատ ավելի լավ վարձատրվել: Դրա համար, ես կարծում եմ, մոտավոր պետական ապարատի  պահպանման ծախսերը և հարակից ծախսերը կկրճատվեն առնվազն երկու անգամ, եթե ճիշտ ճանապարհով գնան: Բայց այստեղ մեկ այլ վտանգի մասին կցանկանայի զգուշացնել, այսպես ասած՝ Պարկինսոնի օրենքն ասում է, որ անգամ եթե դու սկսում ես կրճատել կառավարման համակարգը, ինչ-որ մի ժամանակ հետո ինքը դառնում է ավելի մարդաշատ ու ավելի բարդ, քան մինչև կրճատումները, որովհետև բյուրոկրատիան, չինովնիկական դասը սկսում է հակազդել և հորինում է տարբեր հիմնավորումներ, թե ինչու պետք է այս մի ստորաբաժանումը մնա, մյուսը տրոհվի և այլն, և այլն: Այսինքն, եթե լուրջ է տրամադրված այս ամբողջը, սա շատ ծանր ու սարսափելի  դժգոհությամբ մի պրոցես է լինելու:

-Իսկ բավարար չափով այս ամբողջ ծրագրերը կյանքի կոչելուց հետո, կարծում եք, բավարար կլինե՞ն այդ խնայողությունները մարտահրավերներին դիմակայելու համար: 

-Ես էլի կառավարման տեսանկյունից նայեմ, պետք է գնահատել բուն պրոցեսը, բայց ոչ երբեք ամբողջական թվերը: Երբեք փողը շատ չի լինում, դա կյանքի օրենք է: Նման հարցի պատասխան բնության մեջ գոյություն չունի, կյանքը չի կանգ առնում, կյանքը գերեզման չի, որ երկու հատ փոս փորեցիր ու երկու դիակ գցեցիր մեջը, ոչ, սա պրոցես է: 

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն առաջարկներին, որ այս կրճատումները չեն տա այն արդյունքը, ինչը կտար ասենք պետական միջոցները յուրացրած պաշտոնյաներից բռնագանձելու դեպքում: Դուք, այսպես ասած, կուլակաթափ անելու առաջարկներին ինչպե՞ս եք վերաբերվում:  

-Ոչ թե կուլակաթափություն պետք է անել, այլ եթե այս պրոցեսը լուրջ է, ինչի մեջ ես կասկածում եմ, ապա պետք է կիրառել այսպես ասած, պայմանական ամնիստիա, ինչը նշանակում է, որ բոլոր  օլիգարխների ու խոշոր ձեռներեցների վրա, բնական է, որ կան տվյալներ և այլն, հաստատվում է որոշակի վճարումների սանդղակ և ժամանակացույց, որից հետո համարվելու է, որ նրանց բիզնեսը ամնիստիայի տակ է ընկած: Ես դա ասում եմ լավագույն մեխանիզմները, թե ինչպես է արվում, բայց գնալ արյունախմության  ճանապարհով, դա խնդիր չի լուծի,  որովհետև կառաջանա հոգեբանական լրացուցիչ  լարվածություն, որը հայտնի չէ՝ ինչով կավարտվի: Բայց դա այն դեպքում, եթե պրոցեսը գնալու է անկեղծ, հակառակ դեպքում շատ վատ է վերջանալու Հայաստանում այս իրավիճակը, որովհետև քառօրյա պատերազմից հետո հայության աչքում յուրաքանչյուր դեպք կամ կասկած դրամաշորթության և այլն տասնապատիկ անգամ ավելի վրդովված վիճակով է ընկալվում: Իսկ սա նշանակում է, որ այս կաթսան պայթելու է մի օր, դրա համար ավելի լավ  է նախօրոք սկսել, շատ ավելի հաստատակամ՝ ոչ էլ շտապելով, բայց բոլոր հարցերին պատասխանելով, քան թե հիմա փորձել իմիտացիա անել: Եթե իմիտացիան անեն, ավելի լավ է՝ ոչինչ չանեն:   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել