Tert.am-ը գրում է.

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ողջունելի է համարում ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հայտարարությունը, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման փուլում Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, սակայն հակադարձում է, որ այն չպետք է լինի փուլային: Դավիթ Բաբայանի ձևակերպմամբ` սկզբից մինչև վերջ, ոչ թե ինչ-որ փուլի:

«Կա երկու մոտեցում, ողջունում եմ, որ արդեն բացեիբաց խոսում են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, սա ողջունելի է, և այն, որ Պոպովն ասում է, որ մենք` ղարաբաղցիներս ենք ապրելու այդտեղ, հետևաբար, պետք է տնօրինենք մեր ճակատագիրը,  բայց Արցախի մասնակցությունը բանակցային պրոցեսին պետք է լինի համապարփակ, ոչ թե միանանք ինչ-որ փուլի: Մենք պետք է մասնակցենք ցանկացած հարցի շուրջ մտքերի փոխանակումից մինչև ինչ-որ բանաձևերի, մոտեցումների ամրագրում, փաստաթղթերի կազմում, ընդհանրական մոտեցումներ ձևավորելու»,– Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով, որ սա է թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով ամենաճիշտ ու տրամաբանական մոտեցումը:

Նշենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին` ասելով.«Իրոք, այս փուլում ղարաբաղցիները բանակցություններին ձևականորեն չեն մասնակցում: Սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների հանդիպման ընթացքում և՛  Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ հենց Լեռնային Ղարաբաղում: Ենթադրում եմ, թե որոշակի փուլում, օրինակ` շրջանակային համաձայնության ձեռք բերումից հետո ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»:

Ինչ վերաբերում է շրջանակային համաձայնագրին, ապա Դավիթ բաբայանն ասաց`նայած, թե ինչ շրջանակային համաձայնագիր է: «Եթե այդ շրջանակային համաձայնագիրը կլինի համաձայնագիր, որտեղ բոլորը նորից կվերահաստատեն այն, ինչ հաստատվել է 94-ին` Բուդապեշտի գագաթնաժողովում, սա կարելի է քննարկել: Բայց կրկնում եմ` մենք  պետք է մասնակցենք բոլոր փուլերին: Այլապես ստացվում է, որ քննարկում են, մեզ ասում՝ սա է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել