Tert.am-ը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փորձում են օրենսդրական կարգավորումներ առաջարկելով արգելել, որ որևէ կազմակերպություն, առանց մարդու համաձայնության, նրա հեռախոսին հաղորդագրություններ ուղարկի:

«Այս առումով կա որոշակի օրենսդրական բաց, և նախարարը հանձնարարական է տվել»,- ասաց նա և նշեց, որ այդ կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է, երբ Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը
xopan.am-ից տարածած հաղորդագրության հետ կապված հարց բարձրացրեց, քանի որ դրանով բացահայտ քարոզվում էր արտագնա աշխատանքը:
 
«Ավելին՝ փորձում ենք անել այնպես, որ մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան նաև ոլորտը։ Այսինքն, օրինակ, եթե ուզում են կրթության, մշակույթի մասին հաղորդագրություններ ստանալ, իսկ սպորտի մասին՝ չստանալ: Սա մի քիչ ավելի բարդ է իրականացնելը, որովհետև ծախսեր է ենթադրում և պետք է քննարկվի, թե որքանով դա հնարավոր է իրականացնել, սակայն այն, որ մարդ պետք է տա իր համաձայնությունը հաղորդագրություններ ստանալու, պարտադիր է լինելու»,- ասաց նա և նշեց, որ ուսումնասիրել են նաև միջազգային փորձը:
 
Նա պարզաբանեց, որ օպերատորների հետ պայմանագրում պետք է պարտադիր կետ լինի, թե «դուք համաձա՞յն եք, որ Ձեր հեռախոսահամարը օգտագործվի գովազդային նպատակով հաղորդագրություններ ստանալու համար»:
 
«Մարդը գրում է՝ այո կամ ոչ, սակայն եթե նա ինչ-որ մի պահի փոշմանում է, կարող է հնարավորություն ունենալ որոշումը փոխել»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել